Ախալցիխեի Թամարաշվիլի փողոցում գտնվող «Սմարթ» սուպերմարկետի շենքում այս պահին դեռ շարունակվում են հետաքննչական աշխատանքները, և շինությունն այս պահին փակ է։ Շրջակայքում աշխատում են «Էներգո-Պրո Ջորջիա»-ի աշխատակիցները, որոնք վերականգնում են վնասված էլեկտրահաղորդման գծերը։ Մոտակա փողոցներում էլեկտրամատակարարումն ընդհատված է։
Երեկ ուշ գիշերը «Սմարթ»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով շենքի հետևի փողոցում գտնվող մոտ հինգ բնակելի տուն վնասվել է. պատուհանների ապակիները կոտրվել են, իսկ որոշ տներում նույնիսկ առաստաղի վնասվածքներ կան։
Վերոնշյալի պատճառով, քաղաքապետարանը
մեկ ընտանիքի ժամանակավորապես տեղափոխել է հյուրանոց։ Մնացած ընտանիքների կրած վնասի չափը դեռևս գնահատված չէ, քանի որ համապատասխան կառույցները դեռ չեն սկսել հաշվառումը։ Քաղաքապետարանից հայտնել են, որ մինչ հետաքննության ավարտը հաշվառման գործընթացը չի սկսվի։
Տեղացիների խոսքով, պայթյունի պատճառ կարող էր լինել սուպերմարկետի շենքում տեղակայված ջեռուցման կաթսայի պայթյունը, սակայն այս պահի դրությամբ պատճառը դեռ հաստատված չէ։ Վրաստանի ՆԳՆ-ն տեղեկացրել է, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 240-է Պրիմա հոդվածի առաջին մասով, որը վերաբերում է էլեկտրաէներգիայի, ջերմաէներգիայի, գազի, նավթի կամ նավթամթերքի օբյեկտներում անվտանգության կանոնների խախտմանը։
Հիշեցնենք, որ «Սմարթ» սուպերմարկետի
երկրորդ հարկում պայթյունը տեղի է ունեցել երեկ՝ ժամը 23:00-ի սահմաններում։ Դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել, իսկ աշխատակիցներին անվտանգ դուրս են բերել շենքից։