Մյանմայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1640-ի
Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 1640-ը, ավելի քան 3400 մարդ վիրավորվել է, 139 քաղաքացի անհետ կորել է։
Թարմացված տվյալները հրապարակում է երկրի ռազմական ղեկավարությունը։
Ավելի քան 1500 տուն ավերվել կամ վնասվել է Մյանմայի երկրորդ ամենամեծ քաղաքում՝ էպիկենտրոնին ամենամոտ գտնվող Մանդալայում:
Աղետի գոտում կամուրջներ ու ճանապարհներ են ավերվել։
Դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է երկրի մեծությամբ երկրորդ քաղաքից՝ Մանդալայից 17 կիլոմետր հեռավորության վրա։
Մարտի 28-ին Մյանմարում 7,7 և 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ցնցումները զգացվել են նաև Թաիլանդում և Չինաստանի հարավ-արևմտյան Յունան նահանգում:
Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում կառուցվող երկնաքերի փլուզման պատճառ է դարձել երկրաշարժը։ Դեպքի վայրում փրկարարական աշխատանքներ են իրականացվում։ Ենթադրվում է, որ առնվազն 50 աշխատող մնացել է փլատակների տակ: