Վրաստանի հեռարձակողներին արգելվում է ֆինանսավորում ստանալ արտասահմանից
Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է «Հեռարձակման մասին» օրինագիծը, որը հեռարձակողներին արգելում է ֆինանսավորում ստանալ արտասահմանից։
Այսօրվա լիագումար նիստում հարցին աջակցել է 86 պատգամավոր։ Ըստ ընդունված որոշման՝ արգելքը տարածվում է նաև սոցիալական գովազդների վրա։
Մասնավորապես, օրենքին ավելացվում է դրույթ, ըստ որի հեռարձակողին արգելվում է ստանալ ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորում սոցիալական գովազդ տեղադրելու դիմաց։
Օրենքով նույնպես արգելվում է հեռարձակողի կողմից օտար ուժից ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորում՝ դրամական միջոցների կամ գույքային արժեք ունեցող այլ նյութական բարիքների տեսքով։
Նմանապես արգելվում է օտար ուժի կողմից հեռարձակողի ծառայությունների գնումը (բացառությամբ առևտրային գովազդի և արտադրանքի տեղադրման) և ծրագրերի պատրաստման կամ եթերով հեռարձակման ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորումը կամ համաֆինանսավորումը։
Ճշգրտվում է, որ օրենքի նպատակների համար որպես «օտար ուժ» համարվում են՝ օտար պետության իշխանության համակարգի մաս կազմող սուբյեկտները, այն ֆիզիկական անձինք, ովքեր Վրաստանի քաղաքացի չեն, իրավաբանական անձինք, որոնք հիմնադրված չեն Վրաստանի օրենսդրության հիման վրա, և կազմակերպություններ, այդ թվում՝ հիմնադրամներ, ասոցիացիաներ, կորպորացիաներ, միություններ կամ այլ միավորումներ, որոնք հիմնադրված են օտար երկրի կամ միջազգային իրավունքի հիման վրա։