Վրաստանում կրկին կարող է գործել կովիդ սահմանափակում
Իմունականխարգելման տեխնիկական խորհրդատուների ազգային խմբի ղեկավար, Իաշվիլիի անվան կենտրոնական մանկական հիվանդանոցի բժշկական տնօրեն Իվանե Չխաիձեի խոսքերով, եթե երկրում կրկնապատկվի կորոնավիրուսով վարակվածների թիվը, ապա փակ տարածքում դիմակ կրելու անհրաժեշտության հարցը կարող է քննարկվել:
Ինչպես նա նշեց «Մթավարի» մեդիա կենտրոնում հրավիրված ասուլիսում, իրականում աշնանը կորոնավիրուսով վարակման գագաթնակետի ակնկալիք կա։
«Առայժմ Համակարգող և իմունիզացիայի խորհուրդը հավանաբար չի հայտարարի դիմակ կրելու պարտավորության մասին, քանի որ վարակի բարձր ցուցանիշ չկա, բայց եթե վարակվածների թվի կրկնապատկման միտումը շարունակվի, հնարավոր է, որ այդ հարցը քննարկվի։ Չեմ բացառում, որ հաջորդ շաբաթվա տվյալները կայուն կդառնան, սակայն, եթե դեպքերի աճն այս տեմպերով շարունակվի, միգուցե մոտ ապագայում հնարավոր լինի քննարկել փակ տարածքում դիմակ կրելու անհրաժեշտությունը»,- ասել է Չխաիձեն։
Նրա խոսքով, եթե համեմատենք երկու շաբաթ առաջվա վիճակագրությունը, ապա Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 5 անգամ։