«Սա Արևմուտքից հեռացման և Ռուսաստանին մոտեցման գործընթաց է» - Զուրաբ Բատիաշվիլի
Վրաստանում ընդունված այսպես կոչված «ռուսական օրենքի» պատճառով Եվրամիությունը արդեն սկսել է ֆինանսական սահմանափակումները, որոնք հայտարարում էին Եվրամիության բարձր ներկայացուցիչները: Խորհրդարանի կողմից ընդունված օրենքի առաջին զոհը պաշտպանության նախարարությունն է դարձել, քանի որ Եվրամիությունը կասեցրել է Վրաստանին 30 միլիոն եվրոյի ֆինանսավորումը, որը պետք է օգտագործվեր պաշտպանության և անվտանգության ոլորտներում:
Վերլուծաբանները գնահատում են այս իրավիճակը և ասում, որ Վրաստանի կառավարության գործողությունների արդյունքում սա տրամաբանական շարունակություն է և պետք է սպասենք Արևմուտքի կողմից այլ սահմանափակումների:
«Սա Արևմուտքից հեռացման և Ռուսաստանին մոտեցման գործընթաց է, որը արագացավ «ռուսական օրենքի» ընդունումից հետո: Վատն այն է, որ սա սկիզբն է, և մենք ավելի կհեռանանք Արևմուտքից: Վերջում մեր երկիրը կհայտնվի երկաթե վարագույրի մյուս կողմում: Կարող է արդյոք Եվրամիությունը կամ Ամերիկան աջակցել Բելառուսի բանակին: Իհարկե ոչ, նույնը նաև Վրաստանի դեպքում, քանի որ այս բանակին հրահանգներ է տալիս Վրաստանի կառավարությունը, որը պրոռուսական է, բամբասում է Արևմուտքը և մեղադրում թշնամության մեջ»,- ասում է Զուրաբ Բատիաշվիլին։
Նրա խոսքով, երկրում իրավիճակը փոխելու համար Վրաստանին մեկ հնարավորություն է մնում՝ հոկտեմբերի 26-ի ընտրությունները: Կամ կմնան նույն վիճակում, կամ կդառնան եվրոպական երկիր:
«Սա չի լինելու ընտրություն, սա լինելու է հանրաքվե, թե ինչ են ցանկանում վրացիները՝ այսպես ապրել, թե դառնալ եվրոպական երկրի անդամ: Հոկտեմբերի 26-ին, այլևս չի լինելու ընտրություն կուսակցությունների միջև, սա լինելու է ընտրություն, թե ինչպիսի Վրաստանում ենք ցանկանում ապրել։ Կառավարությունը փորձում է ահաբեկել ժողովրդին պատերազմի սպառնալիքով: Նրանք ասում են, որ եթե իրենք չլինեն, ապա երկրում պատերազմ կլինի, բայց պատերազմից ամենից շատ իրենք են խոսում»,- ասում է վերլուծաբանը։
Վրաստանում ընդունված օրենքի պատճառով ԱՄՆ-ն, բացի պատժամիջոցներից, կասեցրել է նաև ռազմական ուսումնական ծրագրերը։
Չնայած տասնյակ հազարավոր քաղաքացիների, հասարակական և մեդիա կազմակերպությունների հակազդեցությանը, Վրաստանի խորհրդարանն ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը մայիսի 14-ին, իսկ մայիսի 28-ին հաղթահարեց Վրաստանի նախագահի վետոն։ Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչների պնդմամբ, այս օրենքի նպատակը օտարերկրյա ֆինանսավորումների թափանցիկությունն ապահովելն է:
Օրենքի համաձայն, այն լրատվամիջոցները և հասարակական կազմակերպությունները, որոնք իրենց ֆինանսավորման 20%-ից ավելին ստանում են օտարերկրյա դոնորներից, ստիպված են գրանցվել որպես «օտարերկրյա ուժի շահերը կրող կազմակերպություններ», հակառակ դեպքում՝ կտուգանվեն: Նման օրենքը գործում է Ռուսաստանում 2012 թվականից, որը բազմաթիվ կազմակերպությունների փակման պատճառ է դարձել։ Ռուսաստանում այլևս չկան անկախ լրատվամիջոցներ և քաղաքացիական հասարակություն:
Այսպես կոչված «ռուսական օրենքի» ընդունման պատճառով ԱՄՆ-ն սահմանել է պատժամիջոցներ կառավարության ներկայացուցիչների նկատմամբ։