Նոյեմբերի 17-ին խորհրդարանի մոտ տեղի կունենա «Վերադարձրու ձայնդ» ցույցը
Նոյեմբերի 17-ին, ժամը 19:00-ին, Վրաստանի խորհրդարանի մոտ տեղի կունենա դիտորդական կազմակերպությունների «Վերադարձրու ձայնդ» անունով ցույցը։
Կազմակերպիչների տեղեկատվության համաձայն՝ ցույցի ժամանակ դիտորդական կազմակերպություններն ու դիտորդները Վրաստանի բոլոր շրջաններից անձամբ պատմելու են այն մասին, թե ինչ տեսել են հոկտեմբերի 26-ին ընտրատեղամասերում։
Այդ ընթացքում իրավաբանները հասարակությանը կներկայացնեն տեղի ունեցածի իրավական գնահատականը, իսկ կազմակերպիչները կառաջարկեն իրենց տեսլականը, թե ինչպես կարելի է հասնել արդար և նոր ընտրություններին։
«Վրաստանի սահմանադրությունը կոպտորեն խախտվել է, քանի որ ընտրությունները չեն եղել գաղտնի և ազատ։ Վրացական դիտորդական կազմակերպությունները, Վրաստանի հազարավոր քաղաքացիների և ազատ մամուլի հետ միասին, բացահայտել են ընտրությունների կեղծման սխեմաները և հավաքել ապացույցներ։ Արդյունքում, 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները միջազգային գործընկերների կողմից չեն ճանաչվել որպես արդար և ազատ ընտրություններ։ Ռուս օլիգարխը որոշել է ընտրություններից հանել բովանդակությունը՝ գաղտնիությունը, ազատությունը և արդարությունը, ինչը խարխլում է Վրաստանի ժողովրդավարական ապագան։ Ակնհայտ է, որ մենք չենք հաշտվելու այս իրավիճակի հետ։ Ակնհայտ է, որ մենք կպայքարենք՝ վերադարձնելու այն, ինչը սահմանադրորեն պատկանում է մեզ՝ մեր ձայնն ու ընտրության ազատությունը», - ասված է հայտարարության մեջ, որը տարածվել է «Միասնական ազգային շարժման» ֆեյսբուքյան էջում։