Բարձր լեռնային բնակավայրերում գործող ձեռնարկությունները ազատված են հարկերից, սակայն արդյունավետությունը աննկատ է
Վրաստանում բարձր լեռնային բնակավայրերում գործող ձեռնարկություններն ազատված են եկամտահարկից, շահութահարկից և գույքահարկից՝ 10 տարի ժամկետով, սակայն հարկային արտոնությունների ազդեցությունը ձեռնարկատիրության զարգացման վրա կամ չի չափվում, կամ հնարավոր չէ չափել։
Այս մասին տեղեկանում ենք պետական աուդիտի ծառայության զեկույցից, որը վերաբերում է բարձր լեռնային բնակավայրերի զարգացման արդյունավետության աուդիտին (2019-2022թթ.)։ Աուդիտի նպատակն էր գնահատել «Բարձր լեռնային շրջանների զարգացման մասին» օրենքով և «Բարձր լեռնային բնակավայրերի զարգացման 2019-2023թթ․ ռազմավարությամբ» սահմանված նախապայմանների արդյունավետությունը։
Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության տվյալներով՝ ներկայում բարձր լեռնային բնակավայրերում ձեռնարկության կարգավիճակ ունեցող 555 ձեռնարկություն/ձեռնարկատիրական սուբյեկտ կա, սակայն աուդիտի ժամանակահատվածում այդ թիվը 526 էր։
Բարձր լեռնային բնակավայրերի զարգացման արդյունավետության ուսումնասիրության ընթացքում աուդիտորները մի շարք թերություններ են հայտնաբերել։ Դրանց թվում է նաև բարձր լեռնային ձեռնարկության կարգավիճակ ունեցող ընկերությունների մոնիտորինգի թերությունը։
«Հարկային ծառայությունում ներդրված չէ բարձր լեռնային բնակավայրերի ձեռնարկությունների կարգավիճակի մոնիտորինգի համակարգ։ Կարգավիճակ ունեցող անձանց կողմից օրենսդրությամբ սահմանված պայմանների խախտման դեպքերը հայտնաբերվում են միայն հարկային ստուգումների արդյունքում, ինչն ստեղծում է ռիսկեր, որ ժամանակին չի հայտնաբերվի այն ձեռնարկատիրական սուբյեկտը, որի կարգավիճակը ենթակա է դադարեցման կամ կասեցման»,- նշվում է աուդիտի հաշվետվության մեջ։
Աուդիտորները կարծում են, որ կա բարձր ռիսկ, որ կարգավիճակ ունեցող ընկերությունները գործնականում չեն գործում բարձր լեռնային բնակավայրերում կամ իրականացնում են այնպիսի գործունեություն, որը չի համապատասխանում նրանց կարգավիճակին։
«Ուշագրավ է, որ հարկային ծառայությունը չունի տեղեկություն կարգավիճակ ունեցող ընկերությունների արտադրանքի և շրջանառության մասին, ուստի անհնար է որոշել հարկային արտոնությունների ազդեցությունը բարձր լեռնային բնակավայրերում ձեռնարկատիրության զարգացման վրա»,- նշված է աուդիտի եզրակացությունում։