Ադիգենիի Սակրեբոլուի ապարատի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Ադիգենիի մունիցիպալիտետի Սակրեբուլոի աշխատակազմի ղեկավար Միխեիլ Բուցխրիկիձեն ազատվել է աշխատանքից։ Հրամանը ստորագրել է Սակրեբուլոի նախագահ Շմագի Բիձիշվիլին դեկտեմբերի 27-ին։
Միխեիլ Բուցխրիկիձեն այս մասին հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ հավելելով, որ իր աշխատանքից ազատման պատճառը դարձել է նախորդ օրը հրապարակված գրառումը։ Գրառման մեջ նա քննադատել էր Վրաստանի կառավարության որոշումը Եվրամիության հետ բանակցությունների դադարեցման վերաբերյալ, դատապարտել էր բողոքի ակցիաների ընթացքում կիրառված բռնությունները և դեմ արտահայտվել հանրային ծառայությունների մասին օրենքում կատարված փոփոխություններին։
«Այսօրվա օրը նախորդ օրվա արձագանքն էր. ազատեցին աշխատանքից։ Տասը տարուց ավելի բարեխղճորեն ծառայել եմ իմ երկրին՝ իմ կրթությամբ, պրոֆեսիոնալիզմով և, ամենակարևորը, մաքուր ձեռքերով։ Պաշտոնը և աշխատավարձը երբեք առաջնահերթ չեն եղել ինձ համար. ամենակարևորը՝ իմ երկրի հանդեպ անկեղծ սերն է։
Նախևառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին։ Ես երջանիկ եմ, որ ձեզ հետ աշխատել եմ հանրային ծառայությունում։ Շնորհակալություն բոլոր այն օրերի համար, երբ մենք միասին, որպես մեկ թիմ, հարգանքով և գնահատանքով բարեխղճորեն կատարում էինք մեր աշխատանքային պարտականությունները»,- գրել է Միխեիլ Բուցխրիկիձեն և կից հրապարակել ազատման հրամանը։