Ազգայնականները խափանում են խաղաղ բնակիչների՝ դեպի Ռուսաստան ելքը հումանիտար միջանցքներով Վոլնովախայի եւ Մարիուպոլի ուղղություններով, ինչպես նաեւ՝ Խարկովը եւ Սումին լքելու փորձերը։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական համակարգման շտաբի ղեկավար, ՌԴ Պաշտպանության ազգային վերահսկողության կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցեւը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Վոլնովախայի եւ Մարիուպոլի ուղղություններով ամեն օր մարդասիրական միջանցքներ էին բացվում, սակայն ազգային գումարտակները կտրականապես ճնշում են քաղաքացիական անձանց՝ Ռուսաստանի Դաշնություն դուրս գալու փորձերը։ Նույն իրավիճակն է ինչպես Խարկովում եւ Սումիում, այնպես էլ մի շարք այլ բնակավայրերում»,- ասել է նա:
Միզինցեւը հիշեցրել է, որ այսօր՝ Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ին, ուկրաինական կողմի խնդրանքով եւ բացառապես հումանիտար նպատակներով «լռության ռեժիմ» է հայտարարվել Մարիուպոլից եւ Վոլնովախայից խաղաղ բնակիչների դուրս բերման համար։ Երթուղիներն ու տրանսպորտային լոգիստիկան մշակվել եւ համաձայնեցվել են Ուկրաինայի հետ։ Հումանիտար միջանցքների անվտանգությունն ապահովվել է ՌԴ զինված ուժերի կողմից, տեղեկացվել են նաեւ Կիեւում եւ Մոսկվայում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները։
Միզինցեւը հայտնել է, որ Մարիուպոլից 200 հազար եւ Վոլնովախայից 15 հազար փախստական դեռ չի կարողացել հասնել բաց հումանիտար միջանցքների մոտ։
«Ցավոք, այս պահի դրությամբ մենք հավաստի տեղեկություններ ունենք, որ Մարիուպոլից 200 հազար եւ Վոլնովախայից 15 հազար փախստականներից ոչ ոք չի եկել բաց հումանիտար միջանցքների մոտ»,- ասել է Միզինցեւը։
Բացի այդ, ժամը 10:08-ին Մարիուպոլից հրետանային կրակ է բացվել ՌԴ ԶՈւ դիրքերի ուղղությամբ, իսկ Վոլնովախայից անդադար կրակ է բացվել ժամը 10:11-ից 10:21-ը, հավելել է նա: