Ախալցիխեի սակրեբուլոն հաստատել է 2025 թվականի բյուջեն - որոնք են առաջնահերթությունները
Ախալցիխեի մունիցիպալիտետի սակրեբուլոն դեկտեմբերի 20-ին հաստատել է 2025 թվականի բյուջեն, որը կազմել է 36 միլիոն 400 հազար լարի։
Նիստի ավարտից հետո, լրագրողների հետ ապագա տարվա հիմնական առաջնահերթությունների մասին խոսել չեն ցանկացել սակրեբուլոյի նախագահ Դավիթ Լոմիձեն և Ախալցիխեի քաղաքապետ Իրակլի Լազարաշվիլին։ Մունիցիպալիտետի ղեկավարները երկար ժամանակ է, ինչ չեն պատասխանում մեդիայի հարցերին։
Ի տարբերություն նրանց, բյուջեի հիմնական առաջնահերթությունների մասին խոսել է քաղաքապետարանի ֆինանսական-բյուջետային ծառայության ղեկավար Գելա Լոմիձեն։ Նրա խոսքով՝ 2025 թվականին հիմնական առաջնահերթությունները հետևյալն են.
9 միլիոն լարի կտրամադրվի ենթակառուցվածքներին,
Մինչև 8 միլիոն լարի՝ կրթության ոլորտին,
5 միլիոն 500 հազար լարի՝ մշակույթին, սպորտին և կրոնական ոլորտին,
3 միլիոն 500 հազար լարի՝ մաքրման և բնապահպանական աշխատանքներին,
2 միլիոն 200 հազար լարի՝ առողջապահության և սոցիալական ծրագրերին։
Գելա Լոմիձեի խոսքով՝ բյուջեի նախագծի քննարկման ժամանակ եղել են նկատառումներ առողջապահության ոլորտի վերաբերյալ, որոնք հաշվի են առնվել։
Բացի այդ, հաջորդ տարվա առաջնահերթություններից մեկը կլինի քաղաքապետարանի և սակրեբուլոյի աշխատակիցների վարձատրությունը։ Նիստի ընթացքում մունիցիպալիտետի քաղաքապետը նշել է, որ վարչապետի որոշմամբ պետական ծառայողների աշխատավարձերը կբարձրանան 10%-ով։
Այս տարի սակրեբուլոյի և քաղաքապետարանի աշխատավարձերի համար բյուջեից հատկացվել էր 4 միլիոն 600 հազար լարի՝ որից 1 միլիոն լարի՝ սակրեբուլոյի աշխատավարձերին, իսկ 3 միլիոն 600 հազար լարի՝ քաղաքապետարանի։ Հաջորդ տարվա բյուջեում աշխատավարձերի ընդհանուր գումարը կհասնի գրեթե 5 միլիոն 500 հազար լարիի, սակայն չկան հստակ տվյալներ, թե որքանով կավելանան աշխատավարձերը և ինչպես կբաժանվեն դրանք քաղաքապետարանի և սակրեբուլոյի միջև։