Կենտրոնական բանկը լարիի փոխարժեքի պահպանման նպատակով վաճառել է 60 մլն դոլար
Վրաստանի Կենտրոնական բանկը այսօր անցկացված արտարժույթի աճուրդով վաճառել է 60 միլիոն դոլար: Սա ընտրություններին նախորդող հոկտեմբերի երրորդ արտարժույթի միջամտությունն է, որոնց ընդհանուր ծավալը կազմում է 173.4 միլիոն դոլար: Միջամտությունների այս ծավալը ռեկորդային է:
Արտարժույթի աճուրդներից բացի, Կենտրոնական բանկը դոլարի գնում-վաճառքի գործարքներ իրականացնում է նաև Bmatch հարթակի միջոցով, սակայն այդ գործարքների մասին տվյալները հասանելի են դառնում միայն ամսական կտրվածքով՝ ամսվա ավարտից 25 օր անց: Այսպիսով, հայտնի կդառնա միայն նոյեմբերի 25-ին, իրականացվե՞լ է արդյոք հոկտեմբերին դոլարի վաճառք Bmatch հարթակի միջոցով:
«Արտարժույթի աճուրդի անցկացումը Կենտրոնական բանկը որոշեց ոչ ֆունդամենտալ գործոնների գերազանց ազդեցության և ընտրություններին նախորդող ժամանակաշրջանին բնորոշ արտարժույթի շուկայի լարվածության կանխարգելման նպատակով: Դա կօգնի խուսափել գների և ֆինանսական կայունության վրա բացասական ազդեցություններից և կնպաստի արտարժույթի շուկայի կայունացմանը», – նշում են Կենտրոնական բանկում:
Վրաստանի Կենտրոնական բանկը արդեն երրորդ անգամ է ընտրություններին նախորդող շրջանում դոլար վաճառում՝ լարի փոխարժեքի պահպանման նպատակով: Հոկտեմբերի 16-ին բանկը վաճառել է մոտ 65 միլիոն դոլար, իսկ հոկտեմբերի 8-ին՝ 48.5 միլիոն դոլար:
Ընդհանուր առմամբ, ընտրություններին նախորդող շրջանում արտարժույթի շուկայում բացասական սպասումների կառավարումը Կենտրոնական բանկին արժեցել է 173 միլիոն դոլար, ինչը գերազանցում է 2023 թվականի ընթացքում աճուրդների միջոցով վաճառված գումարը (166.7 միլիոն դոլար): 2024 թվականի 10 ամիսների ընթացքում Կենտրոնական բանկը միջամտությունների միջոցով արդեն վաճառել է 342 միլիոն դոլար։