Գյուղատնտեսություն
Աղքատություն թե աշխատանքային արտագաղթ. Ջավախքի բնակչության ընտրությունը
Աշխատանքի բացակայություն, դժվարությամբ աճեցրած բերքի ցածր գին, պարարտանյութի և վառելիքի բարձր գներ՝ սա այն պատճառների ոչ լրիվ ցանկն է, որոնց պատճառով Սամցխե-Ջավախքի բնակիչները ստիպված մեկնում են արտերկիր՝ սեզոնային աշխատանքի: Տղամարդիկ թողնում են իրենց ընտանիքները փետրվարին և տուն են վերադառնում ուշ աշնանը: Նրանց համար ամենամատչելի աշխատաշուկան Ռուսաստանն է, որտեղ նրանք հիմնականում քրտնաջան աշխատանք են կատարում, իսկ ստացած եկամուտն օգնում է նրանց տարեցտարի հաղթահարել ձմեռը։ Պաշտոնական վիճակագրություն չկա այն մասին, թե տարեկան քանի մարդ է հեռանում տարածաշրջանից՝ Ռուսաստանում աշխատելու, սակայն, ըստ տեղացիների, այս իրավիճակն է տիրում գրեթե յուրաքանչյուր երկրորդ ընտանիքում: Բնակիչները պատմում են նաև, որ ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո Ռուսաստանում դժվարացել է աշխատանք գտնելը, սակայն, չնայած դրան, այս տարի շատերը կրկին գնացել են սեզոնային աշխատանքի։
Պաշտոնական տվյալներով, Սամցխե-Ջավախեթիում էթնիկ հայ բնակչությունը կազմում է 45,5%: Նրանց մեծ մասը բնակվում է Ախալքալաքում և Նինոծմինդայում, իսկ մի մասը՝ Ախալցիխեի մունիցիպալիտետում։ Ավելի քան երկու տասնամյակ տեղացիների համար ընտանիքին աջակցելու հիմնական միջոցը արտագնա աշխատանքի մեկնելն է, որը Ջավախքում «խոպան» են անվանում։ «Խոպան» են գնում վաղ գարնանը, վերադառնում ուշ աշնանը։
Գյուղ Վարևան
Կումուրդոն լեռնային գյուղ է Ախալքալաքի մունիցիպալիտետում։ 2014 թվականի ընդհանուր մարդահամարի տվյալներով՝ 2002 թվականից հետո այստեղ բնակչությունը գրեթե կրկնակի կրճատվել է և կազմում է մոտ 1900 բնակիչ։ Տեղացիների հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու կարտոֆիլագործությունն է, սակայն, ինչպես տեղացիներն են ասում, դրանով ապրելը գրեթե անհնար է, ինչի պատճառով, մյուսների նման, նրանք նույնպես մեկնում են Ռուսաստան սեզոնային աշխատանքի։
Ժորժ Սաարյանը ծնվել և մեծացել է Կումուրդոյում։ Նա գյուղում փոքր ֆերմա ունի, ինչի պատճառով էլ դժվարությամբ է ապրում։ Ասում է, որ հողից ստացած եկամուտը բերքի նման անկայուն է, իսկ կյանքը գնալով դժվարանում է ու դառնում անտանելի։
«Թանկացել է այն ամենը, ինչ անհրաժեշտ է բերք աճեցնելու համար՝ տեխնիկա, պարարտանյութ, ոռոգում, վառելանյութ, իսկ հավաքած բերքը կամ լավ գնով ես վաճառում, կամ՝ ոչ։ Մարդիկ ապրում են աղքատության մեջ, այս տարի, օրինակ, ցրտահարությունն ամեն ինչ փչացրեց: Ինչի՞ վրա կարող ենք հույս դնել»: - Հարցին Ժորժն ինքն է պատասխանում ու ասում, որ Ռուսաստան գնալն ու դժվար աշխատանքային պայմաններում աշխատելը տեղի մարդկանց միակ լուծումն է։
«Ոչ ոք չի սիրում ամիսներով ընտանիքը թողնել ու գնալ, բայց ի՞նչ անենք։ Այստեղ աշխատանք չկա, գյուղում բավարար աջակցություն չկա, երիտասարդները հեռանկար չեն տեսնում, ինչի պատճառով կցանկանային այստեղ ապրել ու աշխատել։ Շատերը փակում են իրենց տներն ու ընդհանրապես հեռանում»,- ափսոսում է Ժորժը՝ հավելելով, որ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո Ռուսաստանում աշխատուժի պահանջարկը նույնպես նվազել է։ Սամցխե-Ջավախքից հեռացող մարդիկ դժվարանում են այնտեղ աշխատանք գտնել, բայց, այնուամենայնիվ, գնում են, քանի որ «մարդկանց համար նախընտրելի է այնտեղ վաստակած կոպեկները, քան այստեղի փուճ աշխատանքը»։
Գյուղ Թորոա
«Գյուղում չկա ընտանիք, որ գոնե մեկ տղամարդ Ռուսաստանում չաշխատեր, բայց հիմա այնտեղ էլ վիճակը վատ է։ Այլևս աշխատանք չկա, գյուղից հեռացած մարդիկ ընտանիքներին գրեթե գումար չեն ուղարկում։ Միայն մեկ լավ բան կա այստեղ, խաղաղություն է, բայց կյանքը շատ դժվար է»,- ասում է Ժորժը։
Ինչու է Ջավախքի հայ համայնքն ընտրում Ռուսաստանը, սեզոնային աշխատանքի համար. Բացի զբաղվածությունից, այստեղ կարևոր գործոն է նաև լեզվի իմացությունը: Տեղացիները չեն տիրապետում պետական լեզվին, բայց լավ խոսում են ռուսերեն, ինչը հեշտացնում է նրանց շփումը հյուսիսում գտնվող գործատուների հետ։ Այդ մասին վկայում է «Միգրացիոն կենտրոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն՝ Գիորգի Գոգիշվիլին:
«Այսօր էլ շատերն են գաղթում հարեւան երկիր, քանի որ դա մշակութային տեսանկյունից ծանոթ տարածք է, լեզվական արգելքն ավելի քիչ է խոչընդոտում, ռուսերեն ավելի շատ մարդ գիտի, քան գերմաներեն կամ ֆրանսերեն, և գլխավորներից մեկն այն է, որ այնտեղ՝ Ռուսաստանում բարձր որակավորում ունեցող աշխատուժի պահանջարկ չկա, ոչ էլ մեր աշխատուժը բարձր որակավորում ունի: Հետևաբար այստեղ պահանջարկը և առաջարկը համընկնում են: Ուստի Ռուսաստանում անօրինական ապրելն ու անօրինական եկամուտ գտնելը շատ ավելի հեշտ է, քան Եվրոպայում»։
Պետական լեզվի չիմացությունը նրանց դարձնում է անմրցունակ Վրաստանի աշխատաշուկայում։ Լեզուն չիմանալու պատճառները շատ են՝ լեզվի դասավանդման պետական ծրագրերի ավելի քիչ արդյունավետություն, Վրաստանի բնակչության հետ ավելի քիչ փոխգործակցություն, գործազրկություն և այլն։ Ջավախեթում պնդում են, որ երիտասարդները ցանկանում են սովորել վրացերեն, ընդունվում են վրացական համալսարաններ, բայց չեն կարողանում աշխատանք գտնել Վրաստանում։ Նմանատիպ օրինակները ստիպում են մյուս երիտասարդներին կորցնել լեզուն սովորելու մոտիվացիան – վստահեցնում են Ջավախեթիում:
«Երիտասարդները բարձրագույն կրթություն են ստանում, սակայն պետական հատվածում նրանց աշխատանքի տեղավորման հնարավորությունները նվազագույն են։ Օրինակ, նրանք, ովքեր ընտրել էին ուսուցչի մասնագիտությունը, չկարողացան աշխատանք գտնել։ Ստացվում է, որ եթե անգամ դիպլոմ ունենաս, միեւնույն է, աշխատանք չես գտնի։ Անգամ դպրոցներում հնարավոր չէ երիտասարդներին աշխատանքի տեղավորել առանց «միջնորդության», քանի որ շատ դեպքերում պետությունն ընտրություններից առաջ օգտագործում է դպրոցներում առկա համակարգը»,- ասում է Սոս Սաարյանը։
Ստեղծված խնդիրների պատճառով բնակչության մի մասը մտածում է ամեն ինչ վաճառելու և երկրից հեռանալու մասին։
«Ավելի լավ է ամեն ինչ վաճառես ու գնաս մի տեղ աշխատելու, գոնե հացի համար գումար կաշխատես։ Հաջորդ տարի մենք ոչինչ չենք տնկելու, ամեն ինչ վաճառելու ենք ու հեռանալու այստեղից։ Ցանկացած պետություն, լինի դա Ռուսաստան, Ամերիկա, թե Եվրոպա, նշանակություն չունի: Ոչ ոք պատերազմ չի ուզում, բոլորը խաղաղություն են ուզում. Մենք էլ ենք խաղաղություն ուզում, ես քեզ ձեռք չեմ տալիս, դու էլ ինձ ձեռք չես տալիս։ Այստեղ մարդիկ արդեն սովից են մահանում»,- իրենց կարծիքն են բարձրաձայնում Կումուրդոյում։
Ջավախքի ոչ բարենպաստ կլիմայական պայմանների պատճառով ֆերմերները ընտրության լայն տեսականի չունեն, ուստի այստեղ բնակչությունը հիմնականում ցանում է կարտոֆիլ, որի գինը ամեն տարի այլ մշակաբույսերի համեմատ անկայուն է։ Մարդիկ հիշում են այն տարիները, երբ իրացման խնդրի պատճառով կարտոֆիլը պետք է դեն նետեին կամ ինքնարժեքից ցածր գնով վաճառեին։ Այս տարի էլ դրական ակնկալիքներ չունեն, քանի որ սեզոնը մոտենում է, իսկ կարտոֆիլի մեծածախ գինը 50-60 թեթրի է, որն ինքնարժեքից մի փոքր բարձր է: Ակնկալում են, որ բերքահավաքի ժամանակ գներն էլ ավելի կնվազեն։
Գյուղ Օրջա
Ջավախքում միգրացիայի աճը պայմանավորված է որոշ գյուղերում համապատասխան ենթակառուցվածքների, խմելու և ոռոգման ջրի բացակայությամբ։ Դրանցից մեկը Ախալքալաքից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Տուրցխ գյուղն է, որտեղ բնակիչները տարիներ շարունակ տառապում են ջրի հետ կապված խնդիրներից։ Այս պատճառով, մյուս գյուղերի համեմատ, Տուրցխում միգրացիայի տեմպերը շատ ավելի բարձր են։ Ջավախքի բարձրավանդակում գտնվող գյուղում մշտապես ապրում է շուրջ 200 ընտանիք։
«Գյուղում հինգ հարյուրից ավելի տուն կա, կեսից շատը փակ է։ Ինչո՞ւ պետք է մնան այստեղ, ոռոգման մեկ լիճ ունենք, և երբ ոռոգման սեզոնը սկսվում է, այն չորանում է, մեր գյուղի մոտ ջրանցք է անցնում, բայց մենք չենք կարող դրանից օգտվել, քանի որ պետք է մի քանի կիլոմետր երկարությամբ խողովակներ ձգել, որ ջուրը հասնի հողամաս, իսկ շատերը դրա հնարավորությունը չունեն»,- ասում է Մովսես Ավետիսյանը։
Սամցխե-Ջավախքում բնակվող 81 089 էթնիկ հայ քաղաքացիներից միայն 16 676-ն է տիրապետում վրացերենին, այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության 2014 թվականի ընդհանուր մարդահամարի տվյալները։ Ավելի նոր տեղեկություն չկա։
2010 թվականից Վրաստանում իրականացվում է 1+4 կրթական ծրագիրը, որն ամբողջությամբ ֆինանսավորվում է պետության կողմից։ Այս ծրագրով փոքրամասնությունների ներկայացուցիչները կարող են Վրաստանում բարձրագույն կրթություն ստանալ պարզեցված ձևով։ Երիտասարդներն անցնում են վրացերենի մեկամյա վերապատրաստման դասընթաց, 60 կրեդիտ հավաքելու դեպքում ուսումը շարունակում են իրենց նախընտրած ֆակուլտետում։ Ծրագրից օգտվողների թիվը տարեցտարի ավելանում է։ 2010 թվականին 1+4 ծրագրից օգտվել է 247 դիմորդ, իսկ 2021 թվականին՝ 1332։ Դիմորդների թվի աճին զուգահեռ ավելանում է նաեւ երկիրը լքել ցանկացողների թիվը։
Մովսեսը 40 տարեկան է։ Նա վարժ խոսում է վրացերեն, կարողանում է լավ կարդալ և գրել: Այդուհանդերձ, նա կարծում է, որ տարածաշրջանում նորմալ կյանքի հեռանկար չկա, ինչի պատճառով էլ որոշել է հեռանալ երկրից։
Փակ տները Ջավախեթիի գյուղերում
Մեկ այլ ծրագիր, որն ուղղված է էթնիկ փոքրամասնություններով բնակեցված շրջաններում վրացերենի ուսուցման ուժեղացմանը, ոչ վրացալեզու դպրոցների մասնագիտական աջակցության ծրագիրն է։ Նինոծմինդայի և Ախալքալաքի դպրոցներ են ուղարկվում խորհրդատուներ և ուսուցիչների օգնականներ: Երկու շրջաններում գործում է 86 հանրակրթական դպրոց։
Կառավարությունը խոսում է նաև այն մասին, որ տարածաշրջանում ազգային փոքրամասնությունների համար գոյություն ունեցող ծրագրերը կատարելագործման կարիք ունեն։ Խորհրդարանի կրթության հանձնաժողովի նախագահ Գիորգի Ամիլախվարին հուլիսի 6-ին Ախալցիխե կատարած այցի ժամանակ նշել է, որ ազգային փոքրամասնությունների պետական լեզվի ուսուցման ծրագրերի բյուջեն պետք է ավելացվի։
«Մեր հիմնական շարժառիթն ու դերը տեղի բնակչության կրթական խնդիրները լուծելն է, ինչը հանգեցնում է կրթության առումով ավելի մատչելիության։ Դա վերաբերում է դպրոցներում վրացերենի ուսուցիչների խնդրին, դասագրքերի խնդրին։ Լավ է աշխատում, բայց 1+4 ծրագիրը բարելավման կարիք ունի։ Մենք աշխատում ենք նաև այս ծրագրի ֆինանսավորումն ավելացնելու ուղղությամբ»,- ասաց Գիորգի Ամիլախվարը։
«Մեր հիմնական շարժառիթն ու դերը տեղի բնակչության կրթական խնդիրները լուծելն է, ինչը հանգեցնում է մատչելիության կրթության առումով։ Դա վերաբերում է դպրոցներում վրացերենի ուսուցիչների խնդրին, դասագրքերի խնդրին։ Լավ է աշխատում, բայց 1+4 ծրագիրը բարելավման կարիք ունի։ Մենք աշխատում ենք նաև այս ծրագրի ֆինանսավորումն ավելացնելու ուղղությամբ»,- հայտարարել է Գիորգի Ամիլախվարը։
Նույն հանդիպմանը կրթության նախարար Միխեիլ Չխենկելին ասել է, որ ազգային փոքրամասնություններով բնակեցված շրջաններում պետական լեզվի ուսուցումը պետք է սկսել մանկապարտեզներից։
Պաշտոնական վիճակագրություն չկա, թե վերջին շրջանում քանի մարդ է հեռացել Սամցխե-Ջավախքից։ Նույնիսկ չգիտենք, թե քանի մարդ է սեզոնային աշխատանքի մեկնել Ռուսաստան։ Միգրացիայի ընդհանուր վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամեն տարի ավելի շատ մարդ է լքում երկիրը, քան վերադառնում։
Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության վերջին տվյալների համաձայն՝ 2021 թվականին երկիրը լքել է Վրաստանի 100 հազար քաղաքացի, ինչը վերջին տասնամյակի ամենաբարձր ցուցանիշներից մեկն է (2019-ին՝ 105,107 քաղաքացի): Գործակալությունը հաշվարկում է նաև այսպես կոչված միգրացիոն հաշվեկշիռը, որը հավասար է երկիր վերադարձած քաղաքացիների և Վրաստանը լքած քաղաքացիների հարաբերակցությանը։ Նրանց տվյալներով՝ վերջին տասնամյակում միակ տարին, երբ համաճարակի պատճառով վերադարձողների թիվը գերազանցել է մեկնողների թվին, եղել է 2020 թվականը։ Երկրից ամենաբարձր արտահոսքը գրանցվել է 2021 թվականին, երբ արտագաղթողների թիվը 26 հազարով ավելի է, քան ներգաղթողներինը։ Վիճակագրությունը կազմված է պետական սահմանային ոստիկանության տվյալների հիման վրա, ուստի հնարավոր չէ պարզել, թե որ տարածաշրջանից է միգրացիան ավելի բարձր կամ ցածր։
Նկարը՝ ՆԳՆ-ի պաշտոնական կայք-էջից
Ռուսաստան աշխատանքի գնալու հիմնական նպատակը եկամուտ ստանալն է, այս մասին է վկայում Ռուսաստանից տարեցտարի ավելացող դրամական փոխանցումների վիճակագրությունը։ Ազգային բանկի տվյալներով՝ 2022 թվականի հուլիսին Ռուսաստանից դրամական փոխանցումների տեսքով փոխանցվել է 100,6 մլն ԱՄՆ դոլար, ինչը 2,3 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանից դրամական փոխանցումների ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 150%-ով, ինչը, ըստ տնտեսագետների, հիմնականում պայմանավորված է պատերազմից հետո ՌԴ քաղաքացիների զանգվածային հոսքով:
გააზიარეთ :