Սամցխե-Ջավախեթիում տեղական մեդիայի ներկայացուցիչները գնահատում են անցած 2024 թվականը և նշում, որ այն լարված և անհասկանալիություններով լի տարի էր։
Մեդիայի, ինչպես նաև մյուսների համար, լարվածությունը սկսվել էր դեռ 2024 թվականի մարտին, երբ «Վրացական երազանքը» ներկայացրեց այսպես կոչված «ռուսական օրենքը», որը կոչվեց «թափանցիկության մասին» օրենք և ընդունվեց խորհրդարանի կողմից։ Ըստ հասարակության, իշխանությունը փորձում էր այս օրենքով վերահսկել մեդիան, քաղաքացիական սեկտորը և բոլոր այն կազմակերպությունները, որոնց ֆինանսավորման 20%-ը գալիս էր արտասահմանից։ Ստեղծվեց ռեեստր, որտեղ մեդիան և հասարակական կազմակերպությունները պետք է գրանցվեին որպես օտար ուժերի շահերը ներկայացնող կազմակերպություններ, սակայն մեծամասնությունը հրաժարվեց գրանցվել։
Որպես օտար ուժերի շահերը ներկայացնող կազմակերպություն գրանցվելուց հրաժարվեց նաև Ջավախեթիի տեղեկատվական կենտրոնը։ Գլխավոր խմբագիր Ռիմա Ղարիբյանի խոսքով, ընդունված օրենքի պատճառով, ողջ տարին նրանց համար լարված և անհասկանալի դարձավ:
«Սարսափելի տարի էր, մենք հայտնվեցինք անհասկանալի իրավիճակում։ Միշտ համոզված էինք, որ լավ գործ ենք անում ժողովրդի համար, սակայն այս օրենքով պարզվեց, թե իբր աշխատում ենք օտար ուժերի շահերի համար։ Իհարկե, գիտենք, որ աշխատում ենք ժողովրդի և երկրի զարգացման համար։ Այսպես էլ կշարունակենք, քանի դեռ կարող ենք, բայց պետք է նշել, որ շատ դժվար է աշխատել նման անհասկանալիության և լարվածության պայմաններում»,- ասում է Ռիմա Ղարիբյանը։
Չնայած առկա անորոշություններին, Ռիմա Ղարիբյանը հույս ունի, որ ամեն ինչ դեպի լավը կփոխվի, և 2025 թվականը հաջողություններով լի տարի կլինի: