Ռուսաստանը խոսում է Վրաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին
Օգոստոսյան պատերազմի 13-րդ տարելիցից երկու օր առաջ Ռուսաստանը խոսում է Վրաստանի հետ հարաբերությունները վերականգնելու պատրաստակամության մասին: Այս մասին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է հրապարակել Twitter-ում:
Համառոտ հայտարարության մեջ նախ Սաակաշվիլիի իշխանությունը բնութագրվում է որպես «հանցավոր ռեժիմ», ապա Մոսկվան հայտնում է պատրաստակամություն` հարաբերությունների վերականգնման համար, և ըստ նրանց` «Թբիլիսիում ողջամտությունը կհաղթի»:
Հայտարարության մեջ ոչինչ չի ասվում, թե ինչ պայմաններով կարող են բարելավվել երկու երկրների հարաբերությունները:
«Ռուսաստանը երբեք Միխեիլ Սաակաշվիլիի հանցավոր ռեժիմը չի հավասարեցրել վրաց ժողովրդի հետ:
Մենք պատրաստ ենք բարելավել հարաբերությունները այնքանով, որքանով պատրաստ է վրացական կողմը: Հույս ունենք, որ Թբիլիսիում ողջամտությունը կհաղթի», — գրել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Բիկանտովը:
Հատկանշական է, որ գրառմանը կից հրապարակված քարտեզը չի ներառում Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներ Աբխազիան ու Օսիան։ Գրում է Ալիք Մեդիան: