Նինոծմինդայում քաղաքապետի անկախ թեկնածու է գրանցվել
2021 թվականի ինքնակառավարման մարմինների ընտրություններում Սամցխե-Ջավախքի վեց մունիցիպալիտետներից միայն Նինոծմինդան կունենա քաղաքապետի անկախ թեկնածու: Սուրեն Մոսոյանն առաջադրվել է հինգ հոգուց բաղկացած նախաձեռնող խմբի կողմից: Փաստաթղթերը ստուգելուց հետո Նինոծմինդայի շրջանային ընտրական հանձնաժողովը Մոսոյանին գրանցեց որպես անկախ թեկնածու:
«Նախաձեռնող խումբը դիմում ներկայացրեց խմբի գրանցման համար, նրանց դիմումի մեջ թերություն կար, մենք ժամանակ տվեցինք, շտկեցին օրենքով նախատեսված ժամկետում, իսկ հետո սովորական կերպով գրանցեցինք: Հետո մենք ստորագրություն հավաքելու վերջնաժամկետ տվեցինք, մեզ ստորագրություններ բերեցին, ամեն ինչ նորմալ էր, և մենք գրանցեցինք թեկնածուին», - ասաց Նինոծմինդայի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի քարտուղար՝ Զարուհի Եսոյանը:
Նախաձեռնող խմբերը մեծամասնական թեկնածուներ են առաջադրել նաեւ մարզի չորս քաղաքապետարաններում:
Ախալքալաքում նախաձեռնող խումբը օրենքով սահմանված ժամկետում չկարողացավ գրանցել թեկնածուին: