Սաակաշվիլին հացադուլը հետաձգել է մինչև հունվարի վերջ
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով սպառնացել էր հացադուլ սկսել, եթե իշխանությունները մինչև հունվարի 6-ը թույլ չտան օտարերկրյա բժիշկներին այցելել իրեն, որոշել է բողոքի ծայրահեղ ձևը հետաձգել մինչև հունվարի վերջ։ Այդ մասին հինգշաբթի օրը Սաակաշվիլիի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է Վրաստանի նախկին առաջնորդի փաստաբան Շոթա Թութբերիձեն։
«Միխայիլ Սահակաշվիլիի դիրքորոշումը հետևյալն է. եթե նրա պահանջները չկատարվեն, և հունվարին նրան համապատասխան բժշկական օգնություն չտրամադրվի, նա կդիմի բողոքի ծայրահեղ ձևի (հացադուլ-խմբ․)»,- ասել է Թութբերիձեն։
Փաստաբանի խոսքով՝ նախկին նախագահը դեռևս պնդում է փաստաբանների հետ գաղտնի զրուցելու իրավունք ունենալ։ Պաշտպանները նախատեսում են կապ հաստատել Վրաստանի փաստաբանների միության հետ և հայտնել, որ իրենց իրավունքները ոտնահարվում են պետության կողմից։
Սաակաշվիլին առաջին անգամ իր վերջնագիրը հնչեցրել է հունվարի 3-ին։ Նա պահանջում է բժիշկներ ԱՄՆ-ից, Ուկրաինայից և Նիդեռլանդներից: