Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ)՝ նոյեմբերի 23-ին Երևանում կայացած գագաթնաժողովը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իր հանդիպումը: Քննարկումներն անցկացվել են Անվտանգության խորհրդի անդամների հետ:
«Խոսելու բան կա՛: Գիտենք, որ ես բոլորովին վերջերս Հայաստանում էի, որտեղ անցկացվում էր ՀԱՊԿ գագաթնաժողովը: Բազմակողմ ձևաչափով և հետո Հայաստանի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ՝ այնտեղ կար մի քանի հարց, որոնք կոլեկտիվ քննարկում են պահանջում, խոսենք նաև այդ մասին», - ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է Պուտինը:
Քաղաքական-վերլուծական քննարկումներ են ընթանում նաև Սամցխե-Ջավախեթիում: Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի տնօրենն ասում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովի ավարտին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չստորագրեց Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին փաստաթուղթը, դեմոնստրատիվ հայտարարելով, որ ՀԱՊԿ-ը չնայած իր պարտավորություններին, համապատասխան որոշում չընդունեց Հայաստանին օգնելու համար:
«Հայաստանի քաղաքացիական հասարակությունը՝ տարբեր կազմակերպություններ, դեմոկրատական ուժեր, որոնք ավելի արևմտամետ են և համարում են, որ Հայաստանը պետք է դառնա Եվրոմիության անդամ, կազմակերպել էին բողոքի ցույցեր: Բողոքի ցույցին միացել էին նաև շատ այլ մարդիկ, ովքեր նունյպես դժգոհ են Ռուսաստանի քաղաքականությունից՝ ոչ միայն Ուկրաինայի, այլև՝ Հայաստանի նկատմամբ: Քանի որ գիտենք, Հայաստանը «թղթի վրա» Ռուսաստանի դաշնակիցն է և վերջինս պարտավորություններ ունի ՀՀ-ի նկատմամբ, բայց Ադրբեջանի վերջին ագրեսիայիա ժամանակ, ՀԱՊԿ-ը ոչինչ չարեց, չնայած պարտավորություններին: Ինչը անհամեմատելի է ՆԱՏՕ-ի հետ, եթե իր անդամ երկրների հետ տեղի ունենար նման ագրեսիա, ՆԱՏ)-ն հաստատ կարձագանքեր: Մենք տեսանք, թե ինչպես ՆԱՏՕ-ն խառնվեց, երբ Լեհաստանում ռումբեր ընկան»,- պարզաբանում է Էդուարդ Այվազյանը:
Ըստ նրա, հասկանալի է քաղաքացիական հասարակության դիրքորոշումը Պուտինի և ՀԱՊԿ-ի վերաբերյալ, քանզի նրանցից ոչ մեկը Հայաստանի համար արդյունավետ քայլ չի կատարել:
«Մեր դեպքում, Ադրբեջանը բավականին խորացել է, փաստացիորեն մոտեցել է Ջերմուկ քաղաքին, իսկ ՀԱՊԿ կոչվածը նույնիսկ չի գնահատում, անգամ չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Խնդիրը սա է, այդ իսկ պատճառով Հայաստանում քաղաքացիական հասարակությունը բավականին մարդաշատ բողոքի ցույցեր էր անցկացնում, որտեղ Հայաստանի դրոշներից բացի, գերակշռում էին նաև Ուկրաինական դրոշները»:Վերջին երկու տարիների ընթացքում ՀԱՊԿ անդամ երկիր Հայաստանը առնվազն երեք անգամ ենթարկվել է Ադրբեջանի կողմից ագրեսիայի։ Այս մասին նշում է Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ.
«ՀԱՊԿ-ից որևէ արձագանք չենք ստացել Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ, ինչը մեծ հարված է հասցնում դաշինքի իմիջին»,- ելույթներից մեկի ժամանակ նշել է Փաշինյանը:
«Այս պահին կարծում եմ, որ ստորագրման ներկայացված «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել, և այս տեսքով, ամենայն հարգանքով, ես պատրաստ չեմ ստորագրել այս փաստաթղթերը»,- ասել է նա։
ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին փաստաթուղթը գրեթե պատրաստ է, սակայն որոշ լրամշակման կարիք ունի։ Ամփոփելով երևանյան գագաթնաժողովը՝ լրագրողներին տեղեկացրել է ռազմական դաշինքի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
«Ընդհանուր առմամբ, համաձայնեցվել են համալիր միջոցառումներ՝ Հայաստանին այս դժվարին իրավիճակում օգնություն ցուցաբերելու վերաբերյալ, որը, բնականաբար, կապված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի լարվածության հետ։ Փաստաթուղթն ընդհանուր առմամբ պատրաստ է, բայց պետք է լրամշակվի։ Հանձնարարություն է տրվել մշակել այն և ներկայացնել երկրների ղեկավարներին», - նշել է նա:
ՀԱՊԿ գագաթաժողովին զուգահեռ Երևանում մի քանի բողոքի ակցիա ընթացավ։ Ռազմական դաշինքից դուրս գալու կոչով փողոց էին դուրս եկել քաղհասարակության ներկայացուցիչները, արտախորհրդարանական ընդդիմադիր մի քանի քաղաքական ուժեր ու քաղաքացիներ։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն ու Ռուսաստանը ոչ թե գործընկեր են, այլ թշնամի, համոզված են հավաքի կազմակերպիչները։ Նրանք հիշեցրեցին Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե Ադրբեջանը ՀԱՊԿ-ում ավելի շատ բարեկամներ ունի, քան Հայաստանը։
Հիշեցնենք՝ Երևանում մեկնարկել է ՀԱՊԿ ՀԱԽ նստաշրջանը, որն անցկացվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ։ Նիստին մասնակցում են ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը և Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը։ Նիկոլ Փաշինյանը չի ստորագրել ՀԱՊԿ հռչակագիրը և ՀՀ-ին օգնության նախագիծը: