«Իրական պատժամիջոցներ կիրառեք». քննարկումներ Վրաստանի վերաբերյալ
Եվրախորհրդարանում տեղի ունեցան քննարկումներ Վրաստանի վերաբերյալ, որոնց ընթացքում պատգամավորները գնահատեցին երկրում ընթացող գործընթացները և հանձնաժողովին կոչ արեցին կիրառել «իրական պատժամիջոցներ»։
Եվրախորհրդարանի պատգամավոր Տոբիաս Կրեմերը հայտարարեց, որ «Վրացական երազանքի» աճող բռնությունը ուժի նշան չէ, այլ «խուճապի» արտահայտություն։
«Անցած շաբաթ նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի վրա դաժանորեն հարձակվեց կառավարության խուլիգանների խումբ, այդ թվում՝ «Վրացական երազանքի» պատգամավոր կոչվածներից մեկը։ Գախարիան մնաց արյունոտված և ոսկրերի կոտրվածքներով, նրան հիվանդանոց տեղափոխելու կարիք եղավ։ Ցավոք, սա միակ դեպքը չէ։ Վերջին շաբաթների և ամիսների ընթացքում 400-ից ավելի վրացի՝ քաղաքական գործիչներ, լրագրողներ և հասարակ քաղաքացիներ, ձերբակալվել են, տանջվել և բանտարկվել։ Նրանց «հանցագործությունը»? 55 օր շարունակ փողոցում գտնվելն ու իրենց երկրի եվրոպական ապագան պահանջելն է։ Ես տեսա այդ մարդկանց խիզախությունը. նրանք միասին պայքարում են ԵՄ անդամակցության իրենց ապագայի և այս Եվրոպական խորհրդարանում իրենց ներկայացվածության իրավունքի համար», – ասել է Կրեմերը։
Ոչ պակաս կոշտ ելույթներ ունեցան նաև այլ եվրախորհրդարանականներ։ Լեհ պատգամավոր Միխալ Վավժիկևիչը իր ելույթի ընթացքում ընթերցեց հատված Մզիա Ամաղլոբելիի նամակից.
«Ես չեմ պատրաստվում ընդունել ռեժիմի օրակարգը։ Ես հացադուլ եմ անում։ Ազատությունը կյանքի համար ավելի արժեքավոր է»։ – Այս քաջ վրացի լրագրողի տպավորիչ խոսքերը մեզ հիշեցնում են, թե որքան լուրջ է իրավիճակը Վրաստանում։ Նա պայքարում է Իվանիշվիլիի ռուսամետ ռեժիմի դեմ, իսկ ես կանգնած եմ նրա և Թբիլիսիի ու Բաթումիի բոլոր հիանալի մարդկանց կողքին։ Եվ պարզապես կասեմ՝ այսօր ես վրացի եմ», – նշեց Վավժիկևիչը։