Առաջիկա տարում կարող է տեղի ունենալ Եվրամիության փլուզում, ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմ, ինչպես նաև նավթի գների բարձրացում մինչև 150 դոլար մեկ բարելի դիմաց։ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը նման կանխատեսում է արել 2023 թվականի համար՝ այն անվանելով «ֆուտուրիստական հիպոթեզ»։
«Շատերը զբաղվում են ֆուտուրիստական հիպոթեզերով՝ մրցելով ամենաանսպասելի և նույնիսկ անհեթեթի վարկածի մեջ: Մենք էլ մեր բաժինը կանենք։ Ի՞նչ կարող է տեղի ունենալ 2023 թվականին՝ նավթի գների բարձրացում մինչև 150 դոլար մեկ բարելի դիմաց, իսկ գազի գները մինչև 5000 դոլար 1000 խմ-ի դիմաց․ Մեծ Բրիտանիայի վերադարձը Եվրամիություն, ԵՄ-ի փլուզումը Մեծ Բրիտանիայի վերադարձից հետո, և եվրոյի՝ որպես նախկին ԵՄ արժույթի չեղարկումը»,- տելեգրամյան իր ալիքում գրել է Մեդվեդևը։
Նա իր «ֆուտուրիստական վարկածում» ներառել է Լեհաստանի և Հունգարիայի կողմից «նախկին Ուկրաինայի» արևմտյան շրջանների գրավումը, Եվրոպայի բաժանումը, ներառյալ Լեհաստանի նոր մասնատումը: Մեդվեդևը նաև նշել է Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորությունից անջատելու և Իռլանդիայի Հանրապետությանը միանալու հնարավորությունը։
Նա հնարավոր է համարել 2023 թվականին ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմը, «Կալիֆորնիայի և Տեխասի բաժանումը անկախ պետությունների», ինչպես նաև ամերիկացի գործարար Իլոն Մասկի հաղթանակը ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ որոշ նահանգներում։ Մեդվեդևի այլ «կանխատեսումների» թվում է նաև բոլոր հիմնական ֆոնդային շուկաները և ֆինանսական ակտիվությունն ԱՄՆ-ից և Եվրոպայից Ասիա տեղափոխելը։