«Վրացական երազանք» կուսակցությունը պատրաստվում է ընդունել նոր օրենք, որը կսահմանափակի մեդիայի գործունեությունը։ Այս մասին փետրվարի 5-ին հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։
«Վաղվանից սկսում ենք աշխատանքը մեդիայի օրենքի վրա, որը կմշակվի բրիտանական մոդելի ու օրենսդրության հիման վրա։ Օրենքը սահմանելու է մեդիայի օբյեկտիվության ու լրագրողական էթիկայի չափանիշներ, ինչպես նաև դրանց մոնիտորինգի ու պահպանման մեխանիզմներ։ Կսահմանափակվի մեդիայի ֆինանսավորումը օտարերկրյա աղբյուրներից, սակայն սա չի վերաբերում գովազդային ու այլ առևտրային եկամուտներին», – հայտարարել է Մդինարաձեն։
Բացի այդ, նրա խոսքով, կառավարությունը մտադիր է ընդունել FARA (Օտարերկրյա ազդեցության մասին ԱՄՆ օրենքի) ուղիղ պատճենը, քանի որ անցյալ տարի ընդունված «ռուսական օրենքը» լիարժեքորեն չի կիրառվել։
«Անցյալ տարի ընդունվեց FARA-ի ավելի մեղմ տարբերակը, սակայն այն լիովին չկիրառվեց։ Այդ պատճառով հիմա ընդունելու ենք ԱՄՆ-ի գործող օրենքի ուղիղ պատճենը և երաշխավորելու ենք դրա ամբողջական կիրարկումը», – հավելել է նա։
Միաժամանակ, կառավարությունը նախատեսում է ստեղծել հիմնադրամ հասարակական կազմակերպությունների նախաձեռնությունների ֆինանսավորման համար, որի համար փոփոխություններ կկատարվեն դրամաշնորհների մասին օրենքում։
«Խոստանում ենք, որ որքան ավելի մեծ լինի ճնշումը, շանտաժը և Վրաստանի անկախության ու կայունության խաթարման փորձերը, այնքան ավելի խիստ կլինի մեր արձագանքը՝ թե՛ իրավական, թե՛ քաղաքական մակարդակով», – ընդգծել է Մդինարաձեն։