Ցույցերի ժամանակ ոստիկանների վրա հարձակվելու և հրկիզելու միջոցով գույք վնասելու մեղադրանքով երեք մարդ է ձերբակալվել,- այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳ նախարարությունը։
Բացի այդ, ըստ գերատեսչության, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն՝ ընդհանուր առմամբ ձերբակալվել է 224 մարդ։
«Ցանկանում ենք հանրությանը տեղեկատվություն տրամադրել այս տարվա դեկտեմբերի 1-2-ը Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի հարակից տարածքում տեղի ունեցած իրադարձությունների մասին։ Երեկ երեկոյան հավաքի մասնակիցների կողմից իրականացված ապօրինի ու բռնի գործողությունների արդյունքում տուժել է ՆԳ նախարարության 21 աշխատակից։ Տուժածներից ոմանք գլխի, դեմքի և մարմնի ծանր վնասվածքներ ունեն։
Ընդհանուր առմամբ, վերջին գործողությունների ընթացքում ՆԳ նախարարության 113 աշխատակիցներ առողջական վնաս են ստացել, նրանցից չորսը դեռևս բուժհաստատություններում են։
Ինչպես և նախորդ օրերին, չնայած բազմիցս զգուշացումներին, ցույցի ընթացքում մասնակիցներից ոմանք բազմիցս իրականացրել են սադրիչ գործողություններ։
Ուշ գիշեր հանրահավաքի մասնակիցները Ռուսթավելի պողոտայում վնասել են մունիցիպալ և մասնավոր անձանց գույքը, բարիկադներ են կանգնեցրել վնասված իրերի միջով և հրկիզել որոշ իրեր։
Հանրությանը տեղեկացնելու նպատակով ցանկանում ենք պարզաբանել, որ ՆԳ նախարարությունում, ընթացիկ գործողությունների շրջանակում բռնի խմբերի կողմից կատարված բոլոր հանցավոր արարքները հետաքննվում են Քրեական օրենսգրքի 187-րդ և 353-րդ հոդվածներով։ ՆԳ նախարարության Թբիլիսիի ոստիկանության վարչության աշխատակիցների կողմից հետաքննության շրջանակներում ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, ոստիկանների վրա հարձակվելու և գույքը վնասելու համար մեղադրանք է առաջադրվել երկու անձի՝ 2007 թվականին ծնված Մ.Գ.-ին և նախկինում բազմիցս դատապարտված 2003 թվականին ծնված Գ.Մ.-ին:
Հանցագործությունները պատժվում են մինչև յոթ տարվա ազատազրկմամբ։
Այստեղ մենք ցանկանում ենք հանրությանը տեղեկատվություն տրամադրել վերջին օրերին Վրաստանի խորհրդարանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ մանր խուլիգանության և ոստիկանությանը դիմադրելու և անհնազանդության համար ձերբակալված անձանց մասին։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով ընդհանուր առմամբ ձերբակալվել է 224 անձ։
Ձերբակալվածներից Թբիլիսիի քաղաքային դատարան է ներկայացվել 98 անձի վարչական գործի նյութեր, որոնցից 74-ի նկատմամբ վարույթն ավարտվել է։
Ավարտված 74 գործից տուգանվել է 36 անձ: 34 անձի նկատմամբ կիրառվել է վարչական կալանք: Չորս անձի նկատմամբ կիրառվել է նկատողություն։
Մնացած անձանց նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ դատավարությունները շարունակվում են դատարաններում։
Ինչպես հայտնի է, այսօր բողոքի ակցիաներ են նախատեսված Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում։ Ներքին գործերի նախարարության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները կենտրոնացվելու են հավաքների հարակից տարածքում կարգուկանոն պահպանելու համար։
Վրաստանի օրենսդրությունը պաշտպանում է հավաքների, ցույցերի և արտահայտվելու իրավունքը, ինչպես նաև սահմանում է բողոքի ձևերը՝ հասարակական կարգն ու անվտանգությունը պաշտպանելու համար։
Հանրահավաքի կազմակերպիչներին կոչ ենք անում բողոքի ակցիա իրականացնել օրենքի սահմաններում, ցանկացած ապօրինի գործողության կհետևի ոստիկանության համապատասխան իրավական արձագանքը»,- ասված է հաղորդագրությունում։