Մարդիկ Ռուսաստան մեկնելու համար պատրաստ են վճարել եռակի գումար
Ինչպես հայտնի է, մեկ ամսով բաց է ՀՀ քաղաքացիների մուտքը դեպի ՌԴ:
Ռուսաստանի Դաշնություն մեկնելու համար ՀՀ քաղաքացիներն այլեւս չեն կարող ավիատոմս գնել 80 հազար ՀՀ դրամով. տոմսերի գներն անհամեմատ բարձրացել են։
«Միակողմանի մեկնումը հասնում է մինչև 300-400 հազարի։ Պահանջարկից ելնելով տոմսերի գների այսպիսի թանկացում կա։ Մի քանի օր առաջ 170-ից 180 հազար դրամ էր միակողմանի չվերթը, այսօր արդեն 290 հազար դրամ։ Ամենացածրը եղել է 80 հազար դրամ։ Կա 418 հազարանոց, որից մնացել է 2 տեղ»,- նշեց «Ջոել» տուրիստական ընկերության հիմնադիր-տնօրեն Սոնա Եղիազարյանը եւ հավելեց, որ ամեն դեպքում պահանջարկ կա։
Ստացվում է, որ դեպի Ռուսաստան չվերթների տոմսերը շուրջ երեք անգամ թանկացել են. ամրագրումները հիմնականում կատարվում են առանց հետդարձի. տոմսերը սպառվում են միանգամից:
Երեկ արդեն Մոսկվայի տոմսը վաճառվում էր 700 դոլարով:
Տեսնելով ինչպես համացանցում, այնպես էլ հասարակական-քաղաքական շրջանակներում արտագաղթի թեմայով բուռն քննարկումները, իշխանական շրջանակներում մեկը մյուսի հետևից գրառումներ են կատարում, թե մեկնողներն արտագնա աշխատողներն են, ովքեր տարվա այս եղանակին մշտապես մեկնում են խոպան:
Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացիների մուտքը դեպի ՌԴ բացվել է փետրվարի 1-ից՝ մեկ ամսով։