ՌԴ մեկնելու համար տոմս գնած քաղաքացիները մեկնել չեն կարողացել
Զվարթնոց օդանավակայանում իրավիճակը լարված էր։ ՌԴ մեկնելու համար տոմս գնած քաղաքացիներից շատերն այսօր չեն կարողանա հեռանալ երկրից, քանի որ կորոնավիրուսի թեստ հանձնել են այն լաբորատորիաներում, որոնք մատնանշված չեն ավիաընկերության կողմից։
Օդանավակայան ժամանած «Արմենիա» ընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը պարզաբանեց, որ պատահածն ընկերության մեղքով չէ, բայց քանի որ դեպի ՌԴ թռիչքների առաջին օրն է և խնդրին մեծ թվով քաղաքացիներ են բախվել, ընկերությունը կընդառաջի և անվ6ար կփոխի տոմսերը, որ քաղաքացիները ֆինանսական որևէ կորուստ չունենան։
Խաչատրյանի խոսքով՝ ավիաընկերության միջոցով 260 ուղևոր է արդեն թռել, որոնցից 7-8 տոկոսն է նման խնդրի բախվել, քանի որ իրազեկված չի եղել։ Քաղաքացիները ՌԴ կմեկնեն առաջիկա օրերին։