Ռուսաստանից ՀՀ քաղաքացիների արտաքսման վերաբերյալ
Հայաստանի քաղաքացիներից շատերը համավարակի պատճառով չեն կարողացել հայրենիք վերադառնալ։ Այժմ նրանք կարող են իրենց իրավական կարգավիճակը կարգավորել արտաքսումից խուսափելու համար։
Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) ներկայացուցիչները ՌԴ ՆԳՆ միգրացիոն ծառայությունների հետ քննարկել են ՌԴ տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիների իրավական կարգավիճակի կարգավորման խնդիրները: Տեղեկությունը հայտնում է ՌՀՄ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ միության փոխնախագահ Լևոն Մուկանյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միգրացիայի հարցերի գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վալենտինա Կազակովայի հետ։ Հանդիպման օրակարգում եղել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` 2020 թվականի ապրիլի 18-ի հրամանագրի իրականացման կարգը։
Խոսքը Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի կարգավորման ժամանակավոր միջոցների մասին է՝ կապված կորոնավիրուսի (COVID-19) հետագա տարածման սպառնալիքի հետ:
Կազակովան տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնության տարածքում ընդունված աննախադեպ միջոցառումների մասին, որոնք թույլ են տալիս օտարերկրյա քաղաքացիներին (նրանք, ովքեր հայրենիք չեն մեկնել մինչև սահմանների փակումը) կարգավորել իրենց իրավական վիճակը և օրինական հիմունքներով աշխատանքային գործունեություն իրականացնել:
ՌԴ նախագահի` 2020 թվականի ապրիլի 18-ի հրամանագրի համաձայն ՝ նրանք, ովքեր գտնվում են Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ խախտելով միգրացիոն օրենսդրությամբ սահմանված կացության կարգը, կկարողանան կարգավորել իրավական կարգավիճակը՝ առանց նման դեպքերում նախատեսված պատժամիջոցների կիրառման:
Ուստի Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվելու համար օրինական հիմքեր չունեցող անձանց խորհուրդ է տրվում դիմել Ռուսաստանի ՆԳՆ տարածքային մարմիններ։ Նման քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ ժամանակավոր կացության ժամկետը երկարաձգելու, գտնվելու վայրում հաշվառվելու մասին որոշում կկայացվի, և կտրվեն համապատասխան փաստաթղթեր:
Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստանի ՆԳՆ մարմիններում իրենց իրավական կարգավիճակի կարգավորման ժամկետը սահմանվել է մինչև 2021 թվականի մայիսի 15-ը:
Հանդիպման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել աշխատանքային սերտ շփումներ հաստատել ՌԴ տարածքում ՀՀ քաղաքացիների իրավական կարգավիճակի կարգավորման հարցում առկա դժվարությունների մասին տեղեկատվության փոխանակման նպատակով:
Հիշեցնենք՝ դեռ նախորդ տարվա դեկտեմբերի կեսերին Ռուսաստանի նախագահը, հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակը, Ռուսաստանում միգրանտների ժամանակավոր բնակության ժամկետը երկարացրել էր մինչև 2021 թվականի հունիսի 15-ը: