Սահմանափակումների վերացումն ու կորոնավիրուսը Վրաստանում
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 409 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 325 665 դեպք: Ապաքինվել է ևս 1 256 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 304 935:
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 27 պացիենտ:
Վրաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով կառավարության ստեղծած հատուկ միջգերատեսչական խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում խորհրդի անդամները խոսել են կառավարության կայացրած որոշման մասին՝ կապված զատկական տոների սահմանափակումների հետ:
Մայիսի 13-ից գործող սահմանափակումները կվերացվեն, այսինքն՝ կվերականգնվի հանրային ու ներհամայնքային տրանսպորտի աշխատանքը: Գործունեությունը օֆլայն ռեժիմով կվերականգնեն նաև ուսումնական հաստատությունները՝ դպրոցներն ու մանկապարտեզները:
Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի հայտարարությամբ, մայիսի վերջին հնարավոր է մեղմացվի տեղաշարժի վրա հաստատված սահմանափակումը:
Ինչպես միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո հայտարարել է Թամար Գաբունիան, երկրում այժմ համավարակաբանական իրավիճակը բավականին բարդ է: