Մասշտաբային հրդեհներ. Աշխարհը կրակով պատված
Հինգ մարդ է տուժել անտառային հրդեհների հետևանքով, որոնք մոլեգնում են իտալական Պեսկարա կոմունայի տարածքում։ Այս մասին հայտնում է Repubblica պարբերականը։
Տուժածները, որոնց թվում կա փոքրիկ աղջիկ, տեղափոխվել են բուժհաստատություններ։ Կրակի տարածման ֆոնին իրականացվում է բնակչության տարհանում։
Կիրակի ուժգին հրդեհ է բռնկվել հունական Հռոդոս կղզում։ Այս մասին հայտնում է CNN Greece-ը։
Բռնկումը տեղի է ունեցել Պանտանասա շրջանից ոչ հեռու գտնվող անտառային զանգվածում և արագորեն տարածվել՝ ուժգին քամու պատճառով մշտապես փոխելով ուղղությունը։
Կանխարգելիչ նպատակներով մի քանի գյուղերի բնակիչներին տարհանել են։ Հաջողվել է կանխել կրակի տարածումը դեպի Թիթեռների հովիտ՝ զբոսաշրջիկների շրջանում հայտնի և Եվրոպայում հազվագյուտ արգելոց, որը գտնվում է կղզու համանուն մայրաքաղաքից 26 կմ հարավ-արևմուտք։
Հրդեհի հետևանքով ողջ Հռոդոսը մի քանի ժամ մնացել է առանց էլեկտրականության և ջրի։
Իշխանությունների հաղորդմամբ՝ վերջին 2 օրերին Հոնաստանում գրանցվել է ավելի քան անտառային 100 հրդեհ, որից ամենախոշորը՝ Հռոդոսում։ Վերջին օրերին երկրում հաստատվել է չափազանց շոգ եղանակ։ Շատ շրջաններում ջերմաստիճանը հասել է 44-47 աստիճան Ցելսիուսի։ Սպասվում է, որ առաջիկա օրերին շոգը կսաստկանա։
Ութ զոհ, հազարավոր տարհանվածներ, կրակի հարյուրավոր օջախներ, տապալման եզրին գտնվող արձակուրդային սեզոն. սա է անցած շաբաթ Թուրքիայի հարավում և հարավ-արևմուտքում ծագած անտառային հրդեհների հետևանքների նախնական ամփոփումը։
Հրդեհները, որ սկիզբ էին առել Անթալիա հանգստավայրին հարող Մանավգաթ քաղաքի մերձակայքում, արագորեն տարածվեցին նաև Մարմարիս և Բոդրում քաղաքների շրջակայքում։
Կրակի չդադարող տարածման ֆոնին տեղական իշխանությունները ստիպված էին տարհանել զբոսաշրջիկներին, այդ թվում այս հանգստավայրերի մշտական այցելուների մեջ մեծ թիվ կազմող բրիտանացի տուրիստներին և այստեղ անշարժ գույք ձեռք բերած անգլիացի թոշակառուներին։
«Պետք է ասեմ, որ ըստ իս, [փրկարարական] ծառայությունները, հրշեջները, ուղղաթիռներն ու կամավորները հիանալի գործ են կատարում», - Reuters-ի թղթակցի հետ զրույցում նշել է Մարմարիսի բրիտանացի բնակիչներից մեկը։
Հրդեհների 100-ից ավելի օջախները չեզոքացնելու գործում ներգրավված տեխնիկայի և մարդուժի ծավալն իրոք տպավորիչ է։ Ըստ Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարարության, այս պահի դրությամբ հրդեհների դեմ պայքարում ներգրավված է շուրջ 4 հազար 800 հրշեջ և փրկարար,16 օդանավ և 45 ուղղաթիռ։