Համաճարակն այժմ «մեղրամսի» շրջանում է՝ Չխաիձեն
Իմունականխարգելման խորհրդատուների ազգային տեխնիկական խմբի ղեկավար Իվանե Չխաիձեն մամուլի ասուլիսում խոսել է կորոնավիրուսի նոր տարբերակի մասին։
Իվանե Չխաիձեն ասում է, որ Վրաստանում կորոնավիրուսի նոր շտամի՝ Դելտակրոնի մասին տեղեկատվությունը դեռ չի հաստատվել, սակայն կա վտանգ։
«Նոր տարբերակը հիբրիդային վիրուս է, որն ունի երկու տարբեր մուտացիաների որոշակի տարրեր՝ Դելտա և Օմիկրոն, ինչը նշանակում է, որ այս կորոնավիրուսային մուտացիան միաժամանակ ունի և՛ Դելտա, և՛ Օմիկրոն տարբերակների տարրեր: Երբ կորոնավիրուսային պանդեմիայի ալիքն առաջանում է մեկ տարբերակով և վերափոխվում է մեկ այլ տարբերակի, ապա մեծ հավանականություն կա, որ նույն մարդը կարող է ունենալ երկու տարբեր տեսակի վիրուս։ Եթե հաշվի առնենք Վրաստանի իրականությունը, հունվարին երկրում շրջանառվում էր և՛ կորոնավիրուսի «Դելտա» մուտացիան, և՛ «Օմիկրոնը»»,- ասել է Իվանե Չխաիձեն։
Ինչպես նշել է Իվանե Չխաիձեն, այս վիրուսը հայտնվել է այն ժամանակ, երբ վիրուսաբաններից մեկը ստուգում էր տվյալների բազան։
«Յուրաքանչյուր երկրի վիրուսաբան, համաճարակաբան, նշում է, որ նոր մուտացիա է առաջանալու. Հիմա համաճարակը, այսպես կոչված, որոշակիորեն «մեղրամսի» շրջանում է, երբ դեպքերը քիչ են, ամեն ինչ գնալով կնվազի, ինչպես Վրաստանում, սակայն դա չի նշանակում, որ ապագա մուտացիաների ռիսկը ցածր է։ Ռիսկը մնում է բարձր։ Հատկապես այն երկրներում, որտեղ պատվաստումների ցածր ցուցանիշներ կան և բնակչության մեծ քանակ»,- նշում է նա: