Վրաստանում սկսել է գործել ևս մեկ եվրոպական ավիաընկերություն
Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում սկսել է գործել ևս մեկ եվրոպական ավիաընկերություն։ «Transavia France»-ը մուտք է գործել վրացական ավիացիոն շուկա։ Ավիաընկերությունը ապրիլի 12-ից սկսած՝ շաբաթական երկու անգամ, Փարիզ-Թբիլիսի-Փարիզ երթուղով կիրականացնի ուղիղ կանոնավոր չվերթներ A320 ինքնաթիռով։
Գործունեության մեկնարկին նախորդել են ավիաընկերության հետ ինտենսիվ և ակտիվ բանակցություններ, որոնք ավիաընկերության հետ հաջող իրականացրել է օդանավակայանների միությունը:
Փարիզի Օռլի օդանավակայանից առաջին չվերթով Վրաստան ժամանեց 163 ուղևոր։ Շոթա Ռուսթավելիի անվան օդանավակայանում ուղևորներին դիմավորեցին Վրաստանի օդանավակայանների ասոցիացիայի գլխավոր տնօրեն Լևան Մոսեշվիլին, «TAV Georgia»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ակակի Բարքաիան և Քաղաքացիական ավիացիայի գործակալության և ոլորտի այլ ներկայացուցիչներ։
Օդանավակայանների ասոցիացիայի տվյալներով՝ Transavia France-ը ֆրանսիական ցածրարժեք ավիաընկերություն է, որը հիմնադրվել է 2006 թվականին և պատկանում է Air France-ին և հոլանդական Transavia-ին։ Դրա գլխավոր բազան գտնվում է Փարիզի Օրլի օդանավակայանում։ Տոմսերը կարելի է ձեռք բերել ավիաընկերության կայքում՝ https://www.transavia.com/accueil/fr-fr։