Սեպտեմբերի 11, թե՞ դեկտեմբերի 30. Ե՞րբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը
Ուկրաինական հետախուզության խոսնակ Վադիմ Սկիբիցկիի խոսքով՝ Կրեմլը դիտարկում է Ուկրաինայում պատերազմի ավարտի երկու ժամկետ, և դրանք կապված են Ռուսաստանի ներքին գործերի հետ։ Խոսքը, մասնավորապես, Ռուսաստանում նախատեսված համապետական ընտրությունների և Խորհրդային Միության ստեղծման 100-ամյակի մասին է։
Սկիբիցկին ասում է, որ այս փուլում Ռուսաստանն ակտիվորեն դիտարկում է հետագա գործողությունները, այդ թվում՝ Ուկրաինայի օկուպացված տարածքների ճակատագիրը։ Հետախուզությունը կարծում է, որ ցանկանում են Կրեմլում պատերազմն ավարտել մինչև սեպտեմբերի 11-ը, երբ երկրում տեղի կունենա քվեարկության գործընթացը։
Սկիբիցկու խոսքով՝ Ռուսաստանի համար ևս մեկ կարևոր ամսաթիվ է դեկտեմբերի 30-ը՝ Խորհրդային Միության 100-ամյակը։
«Սակայն հետագա բոլոր իրադարձությունների զարգացումը կախված է նրանից, թե ինչ հաջողության են նրանք հասնում, և որքանով ենք մենք դեմ նրանց ծրագրերի իրականացմանը»,- ասում է նա: