Ռուսական օրենքի դեմ Սահմանադրական դատարան դիմել են նաև լրագրողները
Ռուսական օրենքի դեմ Սահմանադրական դատարան դիմել են նաև լրագրողները: Հայցը ներկայացրել են անկախ հետաքննչական մեդիաները՝ «Մթիս ամբեբի» և «Ստուդիա Մոնիտորին»:
«Մթիս ամբեբի / Վրաստանի ամբեբի» հիմնադիր և գլխավոր խմբագիր Գելա Մթիվլիշվիլիի տեղեկություններով, հայցը վերաբերում է ռուսական օրենքի՝ Վրաստանի Սահմանադրությանը չհամապատասխանող 3 հոդվածներին՝ խտրականություն, խոսքի և արտահայտման ազատություն, ինչպես նաև միավորման ազատություն:
«Հայցով վիճարկում ենք ռուսական օրենքը Վրաստանի Սահմանադրության 11-րդ, 17-րդ և 22-րդ հոդվածների համատեքստում: Միաժամանակ, մինչև գործով վերջնական որոշում կայացնելը, պահանջում ենք ռուսական օրենքի մի շարք հոդվածների կասեցում։ Հայցում հատուկ ուշադրություն ենք դարձնում այն գոյաբանական վտանգներին, որոնք ռուսական օրենքը ստեղծում է հետաքննչական լրագրողների և հետաքննչական լրագրության համար», - գրում է Մթիվլիշվիլին սոցիալական ցանցում:
«Ստուդիա Մոնիտորի» խմբագիր Նինո Զուրիաշվիլին նշել է, որ ռուսական օրենքը պայքարում է արտահայտման ազատության դեմ և խտրականություն է դրսևորում այն հասարակական կազմակերպությունների նկատմամբ, որոնք ստեղծում են քննադատական բովանդակություն և անկախ են իշխանություններից:
«Մեծ սպասումներ չունենք։ Կարծում եմ, որ այս Սահմանադրական դատարանը համակարգի մաս է կազմում։ Թեև վեճի շահելու հնարավորությունը լինի 0.001%, մենք իրավունք չունենք չօգտագործել այն: Այս օրենքի հետևում ոչ միայն մեդիայի, այլև ամբողջ Վրաստանի համար հսկայական անդունդ կա, ուստի պետք է օգտագործենք բոլոր ջանքերը», - ասել է Զուրիաշվիլին:
Ռուսական օրենքի դեմ Սահմանադրական դատարան արդեն չորս հայց է ներկայացվել։
Վրաստանում ռուսական օրենքի մասին X հարթակի անձնական էջում գրում է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը։
Նրա խոսքով, «Վրաստանի խորհրդարանը դեռ ուշ չէ, որ ուղղի իր ընթացքը»:
«Իմ սիրտը ցավում է, որ Վրաստանի «օտարերկրյա գործակալների» օրենքը սպառնալիք է անկախ լրագրողներին և քաղաքացիական հասարակությանը, և կարող է կասեցնել վրաց ժողովրդի՝ Եվրամիությանը միանալու գործընթացը, ինչը ծանր սխալ կլինի։ Վրաստանի խորհրդարանի համար դեռ ուշ չէ, որ ուղղի իր ընթացքը», - գրում է Քարդինը։