«Ախալքալաքի բիզնես կենտրոնի» ղեկավար Մախարե Մացուկատովը ամփոփում է 2024 թվականը և նշում, որ ամբողջ տարին իր կազմակերպության համար սթրեսային էր։
Ինչպես այլ կազմակերպությունների դեպքում, «Ախալքալաքի բիզնես կենտրոնի» աշխատանքին նույնպես մեծ ազդեցություն ունեցան երկրում ընթացող իրադարձությունները, հատկապես այսպես կոչված «ռուսական օրենքի» ընդունումը։ Այդ պատճառով 2024 թվականի ամփոփման հիմնական թեման հենց այդ օրենքն է, որը «Վրացական երազանքն» ընդունեց մայիսին։
«2024 թվականը շատ սթրեսային էր ոչ միայն իմ կազմակերպության, այլև բոլոր հասարակական կազմակերպությունների համար։ Պետությունը մեզ համար սթրեսային միջավայր ստեղծեց դեռ 2023 թվականից, երբ ներկայացրեց «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։ Թեև սկզբում կարծես հրաժարվեցին այդ գաղափարից, սակայն այս տարվա մարտից կրկին վերադարձան այդ թեմային և ի վերջո ընդունեցին որպես օրենք։ Մեր կազմակերպությունն արդեն իսկ նվազ ֆինանսավորում ուներ, և այս ամենին գումարվեցին այս իրադարձությունները»,- նշում է Մախարե Մացուկատովը։
Մախարե Մացուկատովը, բացի «ռուսական օրենքից», անդրադառնում է երկրում ընթացող այլ իրադարձություններին։ Նրա խոսքով՝ ընտրությունների արդյունքները, «Վրացական երազանքի» կողմից ընտրված կուրսն ու ընդունված օրենքները հաստատում են, որ երկրում հաստատվում է դիկտատուրա, և երկիրը շարժվում է Ռուսաստանի ուղղությամբ։
«Ամենավատն այն է, որ կոմունիստական մտածելակերպը խորապես արմատացած է, և նրանք արդարացնում են իրենց՝ կարծելով, թե իբր աջակողմյան քաղաքականություն են վարում և պաշտպանում վրացականությունը։ Ժողովուրդն էլ վախի մեջ է. նրանք նույնպես մտածում են, որ ընտրությունների ժամանակ պետք է քվեարկեն իշխող կուսակցության օգտին, և այլ կերպ հնարավոր չէ։ Այս ամենը գալիս է կոմունիստական մտածելակերպից»,- բացատրում է «Ախալքալաքի բիզնես կենտրոնի» ղեկավարը։
Մախարե Մացուկատովն այժմ միայն երիտասարդներից է ակնկալում փոփոխություններ, քանի որ կարծում է, որ առանց նրանց, համակարգը չի փոխվի։