Հասարակություն
Ջավախքցիներն առանց քաղաքացիության. Ինչու՞ հազարավոր մարդիկ չեն կարողանում վրացական անձնագրեր ստանալ
Ախալքալաքում և Նինոծմինդայում բնակվող յոթ երիտասարդներ միավորվել են դառնալով մեկ կազմակերպություն և կամավոր հիմունքներով սկսել են աշխատել փոքրամասնությունների իրավունքների բարելավման ուղղությամբ։ Առաջին հարցը, որը հանձն առան, Ջավախքի բնակչության կորցրած Վրաստանի քաղաքացիության վերականգնումն է։ Ջավախքի համայնքային կազմակերպությունը, 2013 թվականին ընդունված օրենքի շնորհիվ, պահանջում է ուսումնասիրել հազարավոր տեղաբնակների առջեւ ծառացած խնդիրները։
Ջավախքի բնակչության համար տեղեկատվության պակասով առաջացած և դեռևս չլուծված խնդիրը ի հայտ է եկել 2013թվականին: Այդ ժամանակ Վրաստանում ապրող էթնիկ հայերին ոչ ոք չբացատրեց սահմանադրական նոր փոփոխությունները, ըստ որոնց՝ այլ երկրի քաղաքացին ինքնաբերաբար զրկվում էր Վրաստանի քաղաքացիությունից։ «Եվրոպական Վրաստան» քաղաքական կուսակցության Ջավախքի գրասենյակի ղեկավարի խոսքով՝ ընդունված օրենքի պատճառով խնդրի առջև են կանգնել տարածաշրջանում ապրող աշխատունակ մարդկանց առնվազն 30 տոկոսը: Թե քանի հոգի է մնացել առանց քաղաքացիության, այս մասին հստակ տվյալներ չկան, թեև Ջավախքում գնահատում են, որ այդ թիվը տատանվում է 3-ից 28 հազարի սահմաններում։ Նկատի ունենալով վերոնշյալը, համայնքային կազմակերպության գրության մեջ կարդում ենք, որ այդ մարդիկ.
«Չեն կարող մասնակցել ընտրություններին, չեն կարող օգտվել համընդհանուր առողջապահական ծրագրերից, ինչը ծանր բեռ է դարձել կորոնավիրուսային համաճարակի պայմաններում, չեն կարող մասնակցել «Արտադրիր Վրաստանում» ծրագրերին, չեն կարող ստանալ սոցիալական օգնություն և պետական թոշակ»։
Կազմակերպության նախագահ Հարութ Մալխասյանի խոսքով, հունվարի 5-ին հարցի վերաբերյալ պաշտոնական գրություն է ուղարկվել Վրաստանի նախագահին և հանրային պաշտպանի գրասենյակ։ Երկու գերատեսչություններից մինչ այժմ ստացված միակ պատասխանն այն է, որ նամակը հասցվել է հասցեատերերին։
Ո՞վ է օգտվում օրենքից
Տարիներ առաջ կորցրած քաղաքացիությունը վերականգնելու խոստումը իշխող կուսակցությունից Ջավախքի բնակչությանը տրվել էր դեռ 2018 թվականի նախագահական ընտրություններից առաջ։ Նախագահական քարոզարշավի ընթացքում Սալոմե Զուրաբիշվիլին ստացել է ավելի քան 1700 մարդու փաստաթղթեր՝ քաղաքացիություն ստանալու հետ կապված խնդիրը լուծելու պայմանով։
Այս հարցը Ջավախքի «Հայրենասերների դաշինքի» նախագահ՝ Սամվել Պետրոսյանը «9-րդ ալիքի» հետ զրույցում շոշափել է դեռ 2020 թվականի Օգոստոսին:
«Օրենքի ընդունումից հետո, նախագահական ընտրություններից առաջ, երբ ընտրվում էր Սալոմե Զուրաբիշվիլին, մեր մեծամասնական պատգամավորը (նկատի ունի Էնզել Մկոյանին) կառավարության անունից պաշտոնական հայտարարություն արեց՝ եթե ջավախքի ժողովուրդը քվեարկեր Սալոմե Զուրաբիշվիլիի օգտին, հստակ որոշված կարճ ժամանակում, բոլորին կտրվեր երկքաղաքացիություն: Ժողովրդի հետ հանդիպման ժամանակ պատգամավորը նշեց, որ այն ժամանակ Սալոմե Զուրաբիշվիլիի մոտ սեղանին կար 1700 դիմում, սակայն, ցավոք, ընտրություններից հետո հարցը կրկին մնաց չլուծված։ Ամբողջ աշխարհում գործում է կանոն, երկքաղաքացիության մասին: Վրաստանում ինչու՞ չպետք է լինի: Խնդիր չեմ տեսնում, միայն ցանկություն է հարկավոր: Եթե մարդիկ զանգվածային կեպրով մնում են առանց քաղաքացիության, սա նշանակում է, որ օրենքում թերություններ կան»,- հայտարարում է Սամվել Պետրոսյանը:
«Եվրոպական Վրաստան» քաղաքական կուսակցության Ջավախքի գրասենյակի ղեկավարի խոսքով, քաղաքացիություն չունեցող անձինք բազմաթիվ խնդիրների են բախվել։ Ըստ Արսեն Կարապետյանի՝ տեղի բնակիչները մնացել են առանց բժշկական օգնության և սպասարկման, բացի այդ.
«Մնում է այն մեխանիզմը, որը թույլ կտա իշխանությանը պահպանել իր դիրքորոշումը և շանտաժի ենթարկել իր քաղաքացիներին ընտրություններում ձայներ ստանալու համար։ Երկքաղաքացիություն ունեցող մարդիկ մշտական ճնշման տակ են, արդեն ութերորդ տարին է՝ չգիտեն, թե ինչ որոշում կարող են ընդունել իրենց նկատմամբ՝ կհեռացվեն երկրից, կզրկվեն որևէ երկրի քաղաքացիությունից, թե ինչ... Իրավիճակը հատկապես բարդանում է ընտրություններից առաջ, ուստի մարդկանց այս կատեգորիան անընդհատ դառնում է Վրացական երազանքի ակտիվիստ: Կարծում եմ՝ սրանից մեծ խնդիր ոչ Կովիդն է, ոչ էլ մեկ այլ բան, քանի որ գլխավորը սահմանադրության ազատությունն է»։
Մինչ սահմանադրական փոփոխությունները, էթնիկ հայերի մի մասն օգտվում էր երկքաղաքացիությունից – Վրաստանի հետ զուգահեռ, ունեին Հայաստանի, կամ Ռուսաստանի քաղաքացիություն: Գնում էին արտագնա աշխատանքների և ունենալով երկքաղաքացիություն հեշտությամբ հատում սահմանը: Այլևս Վրաստանի քաղաքացիներ չլինելու մասին լուրը, Սամցխե-Ջավախքում բնակվող 3000-ից ավելի հայեր լսել են սահմանային անցակետում, փաստաթղթերը ստուգելու ժամանակ:
Բնակիչների մյուս մասը 2013 թվականի հունիսի սկզբին, Արդարադաության նախարարությունից Վրաստանի քաղաքացիությունից զրկվելու մասին հաղորդագրություններ ստացան: Տեղեկություն է ստացել նաև Վրաստան-Հայաստան սահմանի մոտ գտնվող Ժդանովական գյուղի բնակիչ՝ Կամո Սիմոնյանը: Վրաստանի քաղաքացիությունը կորցնելու մասին հաղորդագրությունն ընտանիքը ստացել է այն ժամանակ, երբ Կամոն գտնվում էր Ռուսաստանում:
«64 տարի է ապրում եմ Վրաստանում, այստեղ եմ ծնվել և մեծացել: Ամենացավալին այն է, որ միայն թղթերին են ուշադրություն դարձնում, իսկ մարդկային զգացմունքները ոչինչ են: Հասակավոր մարդ եմ, վրացերեն լեզուն հիմա ինչպես կարող եմ սովորել, շատ դժվար է համակերպվել, որ այլևս Վրաստանի քաղաքացի չեմ»:
Կամո Սիմոնյանն այնպես, ինչպես Ջավախքի բնակչության մեծամասնությունը, ուներ երկքաղաքացիություն: Այս փաստը տեղացիներին տալիս էր արտագնա աշխատանքների գնալու հնարավորություն: Միայն Ժդանովականից, 2013 թվականին, օրենքում կատարված փոփոխությունների պատճառվ, 25 գյուղացի կորցրել է Վրաստանի քաղաքացիությունը: Պետությունը Կամո Սիմոնյանին և նման իրավիճակում հայտնվող այլ քաղաքացիներին առաջարկում է երկքաղաքացիություն ստանալ վրաց լեզվի քննություն հանձնելով: Կամոն երկու անգամ փորձել է քննություն տալ, սակայն նրան չի հաջողվել:
Ի՞նչ է ենթադրում օրենքը
Երկքաղաքացիությունը կրկին հնարավոր դարձավ 2017 թվականին, սակայն մեկ պայմանով՝ օրենքը Վրաստանի քաղաքացիություն ցանկացողներից պահանջում է տիրապետել վրաց լեզվին և իմանալ վրաց պատմություն: Ինչ վերաբերում է Վրաստանի քաղաքացիություն տրամադրելիս պետական լեզվի քննություն հանձնելուն, ապա «Եվրոպական Վրաստանի» Ջավախքի գրասենյակի ղեկավարը կարծում է, որ պետությունը հասարակ մարդկանցից քննություն հանձնել պետք է պահանջի այն դեպքում.
«Երբ քաղաքապետը, քաղխորհրդի նախագահը, պատգամավորը քննությունը կհանձնեն պետական լեզվով և որոշ ինչ-որ չափով կհասկանան, թե ինչ է պետությունն ու պետականությունը, երբ Վրաստանի Սահմանադրությունը կկարդան պետական լեզվով, այդ ժամանակ թող բնակչությունից պահանջեն հանձնել քննություն՝ սա կլինի արդարացի»։
Արսեն Կարապետյանը խոսում է նաև այն խնդրի մասին, երբ ընդունված օրենքի արդյունքում քաղաքացիությունից զրկված բնակչությանը տրվել է բնակության իրավունք: Նրա կարծիքով՝ այս որոշումը նույնպես անարդարացի է, քանի որ.
«Եթե նրանց զրկել են Վրաստանի քաղաքացիությունից, այն պատճառով, որ մարդիկ թաքցրել են երկքաղաքացիությունը, ապա ինչպես են արդարացնում այդ քայլը կացության թույլտվություն տրամադրելով: Ստացվում է, որ երկակի ստանդարտ կա՝ նրանց մարդկանցից ես- կարդարացնեն, նրանցից չես - քեզ համար խնդիր կստեղծեն»:
Ջավախքահայերը լուծումը տեսնում են երկքաղաքացիության մասին օրենքը պարզեցնելու մեջ: Ախալցիխեի գյուղ Ջուլղայի բնակիչ՝ Գևորգ Մարգարյանը կարծում է, որ այս հարցի վերափոխումը ձեռք կմեկնի երիտասարդների գյուղ վերադառնալուն: Երկքաղաքացիության շնորհիվ նրանք կրկին հայրենի տարածք կվերադառնան:
«Եթե ունենային երկքաղաքացիություն, հնարավոր է քաղաքացիների մեծ մասը կրկին վերադառնար Վրաստան»,- անհանգստանում է Գևորգ Մարգարյանը:
«Շատ ցանկացողներ կան, որ ունենան երկքաղաքացիություն: Մենք այս խնդրի լուծման համար ոչինչ անել չենք կարող: Պետությունը պետք է որոշի: Վրաստանը մեղավոր չէ, այստեղ մեղքը Ռուսաստանինն է, որ վիզա է պահանջում»,- ասում է Ջուլղայի բնակիչ՝ Բենիամին Դուրգալյանը:
2018 թվականի «Վրաստանի քաղաքացիության մասին» Վրաստանի օրգանական օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում, Վրաստանի քաղաքացիներին տրվում է հնարավորություն, բացի Վրաստանի քաղաքացիություն ունենալուց, ստանալ այլ երկրի քաղաքացիություն։ Այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում Վրաստանի քաղաքացին չի զրկվի Վրաստանի քաղաքացիությունից (ինչը նախատեսված էր հին օրենքի ձեւակերպմամբ)։
Ինչու՞ ընդունեցին այլ երկրի քաղաքացիություն Ջավախքում
Երբ Հայաստանն ընդունեց երկքաղաքացիության մասին օրենքը, Ջավախքի բնակիչները վերոնշյալի վերաբերյալ հայտարարություններ ներկայացրեցին: Նրանց համար սա «խոպան» գնալու հնարավորություն էր:
Հիմա Ջավախքի հայությունը, օտարերկրացիների նման, չեն կարող օգտվել առողջապահության անվճար ծառայությունից, արդարադատության տան օգնությունից և ոչ էլ էկոնոմիկայի նախարարության գրանտային կամ բիզնես ծրագրերից:
Վրաստանի խորհրդարանի անդամը Ջավախքից՝ Սամվել Պետրոսյանն ասում է, որ բնակչության համար երկքաղաքացիության հարցը ցավալի խնդիրներից մեկն է: Գլխավոր խնդիրը, ըստ նրա, պետական լեզվի չիմացության մեջ է:
«Ամեն օր հանդիպում եմ բնակիչներին և գրեթե բոլոր գյուղերում ստիպված եմ խոսել այս մասին: Ցավոք սրտի, նրանց համար պատասխան չունեմ, քանի որ սա հեշտ լուծվող խնդիր չէ»,- վստահեցնում է Սամվել Մանուկյանը:
Ջավախքի մեծամասնական պատգամավորը լավ գիտի, որ պետական լեզուն սովորելը խնդիր է Ջավախքի բնակչության համար: Նա նույնպես դժվարանում է խոսել վրացերեն լեզվով, սակայն պատրաստվում է լուծել այդ խնդիը:
«Երբ օրենքում փոփոխություններ գրանցեցին, այդ ժամանակ երկքաղաքացիություն ունեցողների մոտ 80%-ը կորցրեց Վրաստանի քաղաքացիությունը և եթե չեմ սխալվում, ասվեց, որ նրանց թիվը հասնում էր մոտ 28 000-ի: Երևի նրանց կեսը Ջավախքի բնակչությունն էր: Իհարկե, շատ եմ ուզում, որ պետական լեզվով խոսեն Վրաստանի բոլոր քաղաքացիները, բայց գիտեք, որ Ախալքալաքը փակ քաղաք է, այստեղ տարիների ընթացքում նկատվում է ռուսական հետքը, մինչ այսօր գործում են ռուսական դպրոցներ և բնակիչները գրեթե ոչ ոքի հետ ստիպված չեն խոսել պետական լեզվով: Ելքը կարծում եմ, քննությունների հեշտացումն է»,- հայտարարում է Սամվել Մանուկյանը:
Վրաստանի քաղաքացիությունը վերականգնելու համար անձը նախագահի անունով հայտարարություն պետք է գրի, արդարադատության նախարարության միջոցով: Քաղաքացին պետք է վճարի 250 լարի:
Հաջորդ քայլը քննությունը հանձնելն է։ Դիմորդից պահանջվում է իրավունքի հիմունքների, Վրաստանի պատմության և վրաց լեզվի ընդհանուր իմացություն: Թեստերը վերբեռնված են Հանրային ծառայությունների զարգացման գործակալության կայքում։ Յուրաքանչյուրն ունի միջինը 200 հարց:
«Սկզբում շատերն են դիմել Ջավախքի սպասարկման կենտրոն քաղաքացիություն ստանալու համար, սակայն այն բանից հետո, երբ պարզել են, որ անհրաժեշտ է վրացերենի քննություն հանձնել, դիմում չեն գրել։ Հիմնականում բոլորը մեկ խնդիր ունեն՝ լեզվի չիմացությունը»,- ասում են տեղացիները։
Ըստ Վրաստանի քաղաքացիության մասին օրենսգրքի, եթե անձը կորցրել է Վրաստանի քաղաքացիությունը, ապա մինչև տարեվերջ կարող է դիմել այն վերականգնելու համար, եթե արդեն բացասական պատասխան է ստացել, ապա պետք է սպասի մեկ տարի, որ նորից կարողանա դիմել։ Ինչ վերաբերում է վրաց լեզվի քննությանը, ապա դա նույնպես օրենքով պարտադիր է, քննությունից ազատվում է այն անձը, այն քաղաքացին, ով կներկայացնի առողջության մասին հաստատող N100 փաստաթուղթ այն մասին, որ նա ֆիզիկական իրավիճակից ելնելով չի կարող ներկայանալ քննության և չի կարող գրել։ Այդ փաստաթուղթը կքննարկվի պետական ծառայությունների զարգացման Գործակալության կողմից և այնուհետև կուղարկվի նախագահին:
Վրաստանի քաղաքացիության մասին օրգանական օրենքը նաև նախատեսում է բացառության կարգով Վրաստանի քաղաքացիության շնորհում նախագահի կողմից, հատուկ վաստակ ունեցող այլ քաղաքացիների համար:
გააზიარეთ :