«ՌԴ-ն նախապես պատասխանեց ագրեսիային, դա հարկադրված և միակ ճիշտ որոշումն էր»
Մոսկվայում անցկացվում է ավանդական շքերթը՝ նշելու Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակը։ Ռուսաստանի նախագահը քիչ առաջ դիմել է Կարմիր հրապարակում հավաքված զինվորականներին ու բարձրաստիճան պաշտոնյաներին։ Վլադիմիր Պուտինն իր ելույթում կենտրոնացել է Ուկրաինայի վրա և շարունակվող պատերազմն անվանել հատուկ ռազմական գործողություն։
Նրա խոսքով՝ ռուս զինվորականները Ուկրաինայում կռվում են Դոնբասի ժողովրդի համար։ Վլադիմիր Պուտինը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Ռուսաստանը ճիշտ որոշում է կայացրել:
«Անցյալ տարվա դեկտեմբերին մենք հանդես եկանք անվտանգության երաշխիքների շուրջ համաձայնեցնելու առաջարկով։ Ռուսաստանը կոչ արեց Արևմուտքին գնալ ազնիվ երկխոսության և փնտրել խելամիտ, փոխզիջումային լուծումներ՝ հաշվի առնելով միմյանց շահերը։ Ամեն ինչ իզուր էր։ ՆԱՏՕ-ի երկրները չէին ցանկանում հասկանալ մեզ, ինչը նշանակում է, որ նրանք բոլորովին այլ ծրագրեր ունեին։ Եվ մենք դա տեսանք։ Դոնբասում ևս մեկ պատժիչ գործողության և մեր պատմական հողերը, այդ թվում՝ Ղրիմ ներխուժելու նախապատրաստական աշխատանքները բացահայտորեն ընթանում էին։ Կիևում խոսվում էր միջուկային զենքի ստեղծման մասին։ ՆԱՏՕ-ն սկսել է ակտիվորեն շահագործել իր սահմանների երկայնքով գտնվող տարածքները:
Ռուսաստանը նախապես պատասխանել է ագրեսիային: Դա հարկադրված, ժամանակին և միակ ճիշտ որոշումն էր։ Դա ուժեղ, ինքնիշխան ու անկախ երկրի որոշումն էր։ Այսօր Դոնբասի մարտիկները սեփական հողի վրա կռվում են ռուսական բանակի հետ։ Ես կոչ եմ անում ձեզ՝ զինված ուժերին և Դոնբասի մարտիկներին, դուք կռվում եք հանուն հայրենիքի և ապագայի, որպեսզի ոչ ոք չմոռանա Երկրորդ համաշխարհային պատերազմի դասերը, որ աշխարհում նացիստների և դահիճների տեղ չկա», – ասել է Պուտինը։
Նշենք, որ այս տարի Կարմիր հրապարակում անցկացվող շքերթին օտարերկրյա հյուրեր չեն մասնակցում։ Սակայն օրերս հայտնի դարձավ, որ վատ եղանակի պատճառով շքերթի ժամանակ ավիացիան չի կիրառվի։