Ռուսաստանը պատրաստ է ամեն ինչի. Մեդվեդև
Ուկրաինայի կողմից հարվածի դեպքում Ռուսաստանը չի սահմանափակի իր պատասխան գործողությունները և պատրաստ է օգտագործել բոլոր տեսակի զենքեր,- հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։
«Մեր պատասխանը կարող է լինել ցանկացած ձևով: Ռուսաստանի նախագահը դա միանգամայն հստակ հայտարարեց: Մենք մեզ վրա ոչ մի սահմանափակում չենք դնում, և կախված սպառնալիքի բնույթից՝ պատրաստ ենք օգտագործել բոլոր տեսակի զենքերը», – ասել է Մեդվեդևը։
Նրա խոսքով՝ նման գործողությունները համահունչ են ռուսական դոկտրիններին, այդ թվում՝ միջուկային զսպման սկզբունքներին։
«Կարող եմ վստահեցնել ձեզ՝ պատասխանը կլինի արագ, դաժան և համոզիչ»,- ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։
Մեդվեդևը սխալ է անվանել արևմտյան քաղաքական գործիչների այն կարծիքը, թե Ռուսաստանի տարածքի վրա հարձակումների համար զենքի փոխանցումը Ուկրաինային կօգնի դիվանագիտական ճանապարհով կարգավորել իրավիճակը։
«Արդյունքը լրիվ հակառակն է լինելու: Նման դեպքում բանակցություններ չեն լինի։ Կլինեն միայն հաշվեհարդարի հարվածներ: Կիևի իշխանության տակ գտնվող մնացած ողջ Ուկրաինան կրակի մեջ է լինելու»,- ասել է Մեդվեդևը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը հայտարարել էր Ուկրաինային ռազմական օգնության հերթական փաթեթ հատկացնելու մասին։ Մինչև 2,2 միլիարդ դոլար արժողությամբ փաթեթը ներառում է հեռահար բալիստիկ հրթիռներ՝ GLSDB: