«Ամեն ինչ կանենք, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքվի»,- Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռարձակողին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական համաձայնագրի էությունն այն է, որ Երևանն ու Բաքուն պետք է ճանաչեն ոչ միայն դե յուրե, այլև դե ֆակտո սոցիալ-հոգեբանական և այլ մակարդակներում, որ նախկին խորհրդային Ադրբեջանն այսօր անկախ Ադրբեջան է իր տարածքով, իսկ նախկին Խորհրդային Հայաստանն անկախ Հայաստան է իր տարածքով։
«Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ֆիքսեն այս իրողությունը, հանգիստ թողնեն միմյանց, դադարեն գործել միմյանց դեմ և հաղորդակցություններ բացելով՝ սկսեն տնտեսական կապերի հաստատման գործընթացը սկզբում շատ թույլ, շատ զգույշ, որը, վստահ եմ, շատ բարձր տեմպերով կզարգանա, նորմալ ռեժիմով»,- ասաց Փաշինյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է հաշտության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ մինչև տարեվերջ, Փաշինյանը պատասխանեց. «Մի բան կարող եմ ասել՝ 100 տոկոսով և ավելին կանեմ իմ բաժինը, որ խաղաղության պայմանագիրը ստորագրվի»։
Նույն հարցազրույցում Հայաստանի վարչապետը խոսել է նաեւ ԵՄ դիտորդական առաքելության մասին։ Ըստ Փաշինյանի՝ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է, որ երկու երկրների սահմանի այն հատվածներում, որոնք սահմանագծվելու են, եվրոպացի դիտորդներ այլեւս չտեղակայվեն։
«Այն սահմանը, որը սահմանագծված է, օբյեկտիվորեն դիտորդի կարիք չունի»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանը նաև նշել է, որ եթե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքվի, Երեւանը պատրաստ է հետ վերցնել Բաքվի դեմ միջազգային դատարանում ներկայացված հայցերը, բայց Ադրբեջանի իշխանությունները ևս պետք է դիմեն նման քայլի։
«Եթե մենք տեսնենք, որ մենք իսկապես հասնում ենք խաղաղության և հաստատում ենք այն, այսինքն՝ պայմանագիր ենք ստորագրում, կարծում եմ, որ կարող ենք գնալ նման գործարքի։ Սա նշանակում է, որ ոչ ոք չպետք է միմյանց դեմ դատական հայցեր հարուցի անցյալի իրադարձությունների պատճառով, և մենք պետք է փոխադարձաբար հրաժարվենք հայցերից»,- ասաց Փաշինյանը։
Սակայն, ինչպես նշեց Փաշինյանը, դա չի նշանակում, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանը կամ Ադրբեջանը հետագայում սահմանափակ կլինեն նման հայցեր ներկայացնելու մեջ։
«Տրամաբանությունը լինելու է այն, որ հետագայում, եթե հիմք լինի հայց ներկայացնելու, դա չի սահմանափակի ո՛չ իրենց, ո՛չ էլ մեզ՝ ապագայի հետ կապված հարցերում դա անել», – ասել է Հայաստանի վարչապետը։