Հայ լրագրողների խմբին Վրաստան չեն թողել
Հոկտեմբերի 11-ին՝ ավելի քան 4 ժամ վրաց-հայկական սահմանի «Նինոծմինդա-Բավրա» անցակետում պահելուց հետո, Epress.am-ի լրագրողներին արգելել են մուտք գործել Վրաստան։
Չորսը ժամ շարունակ լրոգրողները ստիպված բացատրություններ էին տալիս անցակետի տարբեր աշխատակիցներին, որ գործուղված են Ախալքալաք, Ախալցխա և Թբիլիսի՝ վրացական Newcaucasus.com-ի գործընկերների հետ համատեղ նախագծի շրջանակներում տեղացի լրագրողների, իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչների հետ հարցազրուցներ անելու համար։
Պաշտոնական որևէ բացատրություն անցակետի աշխատակիցների կողմից չտրվեց։ Ասացին՝ «հավատարմագիր է պահանջվում» և «հարցազրույցի թույլտվություն»՝ առանց պարզաբանելու, թե կոնկրետ որ ատյանն է այն տրամադրում կամ որտեղ է ամրագրված «թույլտվություն» ստանալու անհրաժեշտությունը։
Ուղեբեռի զննությունից հետո լրագրողներին բանավոր հայտնեցին, որ տեսախցիկի, երկու միկրոֆոնների (բրոշկա), ամրակալի ու համակարգչի անցկացումն արգելվում է։ Խոսքը ոչ պրոֆեսիոնալ սարքավորումների մասին է, որոնցով Epress.am-ի լրագրողները նախկինում բազմիցս հատել են Վրացական սահմանը։
Epress.am