Կիևն առավոտից ռմբակոծվում է: Պայթյունների ձայները լսվում են նաև երկրի այլ քաղաքներում։
Ուկրաինայի մայրաքաղաքում հրթիռակոծությունների հետևանքով զոհվել է ութ մարդ, վիրավորվել՝ 24-ը։
Միաժամանակ Կիևի մետրոյի կայարաններում կազմակերպված ապաստարանները լի են մարդկանցով։ Տեղական իշխանությունները քաղաքացիներին հորդորում են մնալ ապաստարաններում:
Ռուսական օկուպացիոն ուժերը հարձակվել են նաև Սլավյանսկի վրա։ Հրթիռային հարձակման հետևանքով չորս մարդ է զոհվել: Ռմբակոծության թիրախ են դարձել բնակելի թաղամասերը։ Ավիահարված է հասցվել նաև Լվովում։ Քաղաքում զանգվածային հարձակումների պատճառով փակվել են դպրոցները, խափանումներ են եղել բջջային ցանցերում։ Տեղեկություններ կան նաև Խարկովի ռմբակոծության մասին։
Միաժամանակ պայթյուններ են լսվում Դնեպրոպետրովսկում, Խմելնիցկում և Ժիտոմիրում։ Ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ այս քաղաքներում գործում է ՀՕՊ համակարգը։ Ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարված։
Բացի այդ, ըստ Ուկրաինայի Զինված ուժերի հրամանատար Վալերի Զալուժնիի, ռուսական օկուպացիոն ուժերը Ուկրաինայի տարածքի ուղղությամբ արձակել են 75 հրթիռ, որոնցից 41-ը չեզոքացվել է ուկրաինական հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։