«Այսօր, ով մտնի խորհրդարան, կմտնի Ռուսաստան» – Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վստահ է, որ ընտրությունների շեմը հաղթահարած չորս ընդդիմադիր կուսակցություն չեն մտնի խորհրդարան։ Միաժամանակ, նա նշել է. «Ով խորհրդարան մտնի, կմտնի Ռուսաստան»։
«Ես վստահ եմ մեկ բանում՝ նրանք չեն մտնի խորհրդարան։ 2020 թվականի հետ անիմաստ համեմատություններ են անում, որոնք բոլորովին այլ իրավիճակ էին։ Այդ ժամանակ երկրի եվրոպական ապագան հարցականի տակ չէր, ընդհակառակը՝ եվրոպացիները կոչ էին անում մտնել խորհրդարան և աշխատել անհրաժեշտ բարեփոխումների վրա։ Այն ժամանակ հանրությունը չուներ այն զգացողությունը, որ երկիրը շարժվում է այլ ուղղությամբ կամ ընտրությունները զանգվածաբար կեղծվել են։ Դա էր այն, ինչ ես կոչում եմ «նորմալ կեղծիք», բայց այն զգացողությունը, որ ընտրություններն ու երկիրը գողացվել են, այդ ժամանակ գոյություն չուներ։ Այսօր իրավիճակը բոլորովին այլ է։ Այսօր, ով մտնի խորհրդարան, կմտնի Ռուսաստան», – ասել է Զուրաբիշվիլին։
Նախագահի խոսքով, «Վրացական երազանքը» մնում է միայնակ խորհրդարանում, կառավարությունում և բոլոր պետական ինստիտուտներում, որոնք կախված են «միայն այս մեկ կուսակցությունից և այս մեկ անձից»։
«Քանի դեռ ոչ մի ընդդիմադիր կուսակցություն չի մտել խորհրդարան, «Վրացական երազանքը» մնում է միայնակ։ Նրանք այսօր լրիվ այլ իրավիճակում են. խորհրդարանում մենակ են, կառավարությունում մենակ են՝ կառավարությունն ու խորհրդարանը միակուսակցական են։ Բոլոր ինստիտուտները՝ հակակոռուպցիոն գործակալությունը, դատախազությունը, Պետական անվտանգության ծառայությունը, Ազգային բանկը, ամբողջ պետությունը գտնվում է այս մեկ կուսակցության և մեկ մարդու հսկողության տակ։
Այս իրավիճակում ո՞վ պետք է ճանաչի այս պետությունը միջազգային մակարդակով։ Այս երկիրը չե՞ն մեկուսացնի», – ասել է Զուրաբիշվիլին։