Էմանուել Մակրոնը եւ Բիձինա Իվանիշվիլին հեռախոսազրույց են ունեցել
«Վրացական երազանք»-ը լրացուցիչ տեղեկություն է հրապարակում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Բիձինա Իվանիշվիլիի հեռախոսազրույցի մասին։
Տարածված տեղեկատվության համաձայն՝ Ֆրանսիայի նախագահն իր ելույթի ժամանակ իսկապես բարձրացրել է ձերբակալվածների ազատ արձակման հարցը։
«Կուսակցության հարգարժան նախագահը այս հարցով նախագահին բացատրեց, որ ձերբակալվածների մեծ մասը գտնվում է վարչական կալանքի տակ, առաջիկայում նրանք բոլորն ազատ կարձակվեն։ Ինչ վերաբերում է քրեական մեղադրանքով ձերբակալված անձանց, ապա Մակրոնը բացատրել է, որ Վրաստանը իրավական պետություն է, բոլոր հանցագործները պատասխանատվության են ենթարկվում իրենց կատարած հանցագործությունների համար՝ օրենքի պահանջներին և ապացույցների բարձր մակարդակին համապատասխան։ Բիձինա Իվանիշվիլին Ֆրանսիայի նախագահին բացատրել է նաև, որ ոստիկանությունը ցուցարարների լայնածավալ բռնությունների դեմ գործել է եվրոպականից բարձր չափանիշներով։ Բացի այդ, կուսակցության պատվավոր նախագահը նշել է, որ անհատական զանցանքի դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել և շարունակվում է»,- ասվում է տարածված տեղեկատվության մեջ։
Հեռախոսազրույցի մասին տեղեկությունը «Վրացական երազանք»-ը հրապարակել է մի քանի ժամ առաջ։ Զրույցի մասին նաև պաշտոնական տեղեկություն է տեղադրվել Ելիսեյան պալատի կայքում։