Պուտինը պարենի հետ կապված լարված իրավիճակ է կանխատեսել
Պարենի համաշխարհային շուկաներում իրավիճակը լարված է լինելու։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»։
Երկրի ղեկավարն ասել է, որ Ռուսաստանը պետք է ներքին շուկա ապահովի՝ բոլոր հիմնական սննդամթերքներով։
«Մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ բնույթի հանգամանքների բերումով պարենային ապրանքների համաշխարհային շուկաներում իրավիճակը լարված է լինելու։ Ուստի, առաջին հերթին, իհարկե, մենք պետք է օգտագործենք մեր գյուղմթերք արտադրողների աշխատանքի արդյունքները, որպեսզի ներքին շուկան, ռուսական շուկան ապահովենք հիմնական սննդամթերքներով եւ անհրաժեշտ ուշադրություն դարձնենք մթերքների վերամշակման ոլորտին»,- հանձնարարել է Պուտինը։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ շուկաներում լարվածությունը կապված է «որոշ գործընկերների սխալ գործողությունների հետ»։ Պուտինը հավելել է, որ դա «նրանց խնդիրներն են», բայց դրանք կանդրադառնան նաեւ Ռուսաստանի քաղաքացիների վրա։