Սաակաշվիլին հրաժարվել է արյուն հանձնել քննության համար
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հրաժարվել է արյուն հանձնել քննչական գործողությունների իրականացման համար։ Այս մասին հայտարարում է Հատուկ քննչական ծառայության ներկայացուցիչ Վասիլի Կակաշվիլին:
«Միխայիլ Սաակաշվիլին այսօր հրաժարվել է քննչական գործողությունների անցկացումից։ Նա իր հրաժարման պատճառ է նշել այն, որ չի ցանկանում արյուն հանձնել առողջական խնդիրների պատճառով»,- ասել է նա։
Կակաշվիլին պարզաբանել է, որ քննությունը արյան լրացուցիչ նմուշներ էր խնդրել, քանի որ տեղեկություն էր հայտնվել այն մասին, թե հնարավոր է, որ նախկին նախագահը թունավորվել է։
Բժիշկները հայտարարել են, որ չեն կարող բուժել Սաակաշվիլուն։ Նրանք Վրաստանի նախկին նախագահի վիճակը գնահատում են ծանր. Սաակաշվիլու օրգանիզմը չորրորդ աստիճանի հյուծված է, ինչը վտանգավոր է նրա կյանքի համար։ Բժիշկները կարծում են, որ եթե Սաակաշվիլու առողջությունը վատանա նույն տեմպերով, նա կարող է ընդամենը մի քանի ամիս ապրել։
Ավելի վաղ հրապարակվել էր բժշկական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն՝ Սաակաշվիլու մոտ, որը դատապարտվել է վեց տարվա բանտարկության, հայտնաբերվել է տասը ախտորոշում, որոնք անհամատեղելի են բանտարկության հետ։ Նրա օրգանիզմում հայտնաբերել են բարիումի, վիսմուտի, սնդիկի, որոնք վտանգավոր են առողջության համար, բարձր պարունակություն։