Ադրբեջանն առաջարկել է Հայաստանի հետ սահմանին անցակետեր ստեղծել
Ադրբեջանն առաջարկել է Հայաստանի հետ սահմանին անցակետեր ստեղծել, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Մյունխենում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Անդրադառնալով սահմանազատման հարցերին՝ Ալիևը կարծիք է հայտնել, թե սահմանային անցակետեր պետք է տեղադրվեն ինչպես, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» երկու կողմում, այնպես էլ «Լաչինի շրջանի և Հայաստանի սահմանին»։
«Ես նշեցի, որ լավ կլինի, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկկողմանի անցակետեր ստեղծեն հայ-ադրբեջանական սահմանին։ Մենք այսօր պաշտոնապես ներկայացրել ենք այդ առաջարկը։ Ավելի վաղ այդ առաջարկը բերվել էր ոչ պաշտոնական խողովակներով»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Նա ասել է, որ Բաքուն ուսումնասիրում է երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ Երևանի պատասխան առաջարկները։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման առաջընթացի մասին, սակայն այն համարում է անբավարար։