Թուրքիայում արդեն 6 մարդ է զոհվել նոր երկրաշարժի հետևանքով, տուժածների թիվը հասել է 300-ի, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները: Անցած երեկոյան 17 րոպեի տարբերությամբ երկու ուժեղ ցնցումները զգացել են Հաթայ նահանգի բնակիչները։
Թուրքիայի հարավ-արևելքում տարերքը նոր հարված է հասցրել նախօրեին երեկոյան։ Երեկոյան՝ ժամը 20-ի սահմաններում, Հաթայ նահանգում (երկու շաբաթ առաջ տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ ամենաշատ տուժածներից մեկը) կրկին ուժգին ցնցումներ են եղել։
Մեկ ժամում տեղի է ունեցել 12 ստորգետնյա ցնցում։ Ամենաուժեղն առաջին երկուսն էր՝ 6,4 և 5,8 մագնիտուդով.դրանց էպիկենտրոնները եղել են Անտակիա քաղաքից ոչ հեռու, որը լրջորեն տուժել էր փետրվարի 6-ին: Մի քանի կանգուն, բայց վնասված շենքեր այս անգամ հարվածին չդիմացան և փլուզվեցին։ Փրկարարներն ու կամավորները, որոնք այժմ տարածաշրջանում շատ են, անմիջապես ձեռնամուխ են եղել փլատակների մաքրմանը և ողջ մնացածներին որոնելուն։
Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալներով, որոնք հրապարակվել են դեռևս գիշերը, նոր ստորգետնյա ցնցումների հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 200-ը տուժել են: Բայց չի բացառվում, որ այդ թվերն աճեն։
Հզոր երկրաշարժն իսկական խուճապ է առաջացրել տեղի բնակչության շրջանում։ Հաթայի օդանավակայանում, ցնցումը զգալուց հետո, մարդիկ ընկել են հատակին։ Մեծ ու փոքր քաղաքներում բնակիչները խուճապահար դուրս են վազել փողոց՝ փորձելով հեռու մնալ տներից։ Հոսանքազրկումներ են եղել, վնասվել են ճանապարհներն ու կամուրջները։ Ցունամիի սպառնալիքը, որի մասին ցնցումներից անմիջապես հետո հայտնել են արտակարգ ծառայությունները, չի հաստատվել:
Երկրաշարժը զգացվել է նաև հարևան Գազիանթեփ և Ադանա նահանգներում։ Թուրքիայի ժամանակակից պատմության մեջ տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո անցած երկու շաբաթվա ընթացքում տարածաշրջանում ամեն օր գրանցվել է 500 հետցնցում:
Սեյսմոլոգներն այժմ կանխատեսումներ են անում այն մասին, թե որտեղ կարող է հաջորդ հարվածը հասցնել տարերքը։ Թուրքիայում ամենից շատ վախենում են այն կանխատեսումներից, որոնցում ներկայացված է Ստամբուլը։
Նույնիսկ այն շրջանների բնակիչներից շատերը, որտեղ նոր երկրաշարժը ավերածություններ չի բերել, այլ միայն փոքր-ինչ զգացվել է, նախընտրել են չվերադառնալ իրենց տները։ Մարդիկ վախենում են, ուստի որոշել են գիշերն անցկացնել դրսում ։