36 երկիր կոչ է անում Վրաստանի կառավարությանը չեղարկել “օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին” օրենքը: Այս մասին համատեղ հայտարարություն են տարածել Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում 36 երկրի մշտական ներկայացուցիչները:
«Մենք արձագանքում ենք բարձրագույն հանձնակատարի կողմից իր համաշխարհային զեկույցում հնչեցրած մտահոգությանը Վրաստանում վերջին զարգացումների կապակցությամբ, հատկապես “օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին” օրենքի վերաբերյալ: Այս օրենքը լուրջ վտանգ է ներկայացնում քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության համար Վրաստանում:
Այս օրենքը նպատակ ունի ճնշելու լրատվամիջոցների, մարդու իրավունքների պաշտպանների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեությունը՝ նպատակ ունենալով խեղդել նրանց ձայները:
Օրենքը ընդունվել է վրաց ժողովրդի մեծ մասի մտահոգությունները անտեսելով և միջազգային հանրության կողմից օրենքի նախագծի առաջխաղացման բազմաթիվ կոչերի, այդ թվում Վենետիկի հանձնաժողովի մանրամասն իրավական հիմնավորումների հակառակ:
Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը չեղարկել “օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին” օրենքը, դադարեցնել վախեցման արշավը նրանց դեմ, ովքեր դեմ են այս օրենքին, և ապահովել արտահայտման, հավաքների և խաղաղ ցույցերի ազատությունը:
Քաղաքացիական հասարակությունը ժողովրդավարությունների ողնաշարն է, որը նպաստում է հաշվետվողականությանը, իրական թափանցիկությանը և վնասակար ազդեցություններից պաշտպանվածությանը:
Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը ամբողջությամբ դադարեցնել և թափանցիկորեն հետաքննել խաղաղ ցուցարարների դեմ ուժի կիրառման բոլոր գործողությունները, որոնք դեմ են օրենքին, իրականացնել համապատասխան միջոցներ, որպեսզի ապահովվի ցուցարարների, քաղաքացիական հասարակության կամ ընդդիմադիր ակտիվիստների, լրագրողների և այլ աշխատողների անվտանգությունը և խուսափել ռետորիկայից, որը կարող է երկրում ծայրահեղ բևեռացումը էլ ավելի սրացնել: Քաղաքացիական հասարակության առաջնորդների և այլոց դեմ զրպարտանքի, վախեցման և ֆիզիկական բռնության կազմակերպված արշավը անընդունելի է և պետք է դադարեցվի»,- ասվում է հայտարարության մեջ:
36 ստորագրող երկրների շարքում են ԵՄ-ի 25 երկիր (բացառությամբ Հունգարիայի և Սլովակիայի), ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ուկրաինա, Շվեյցարիա, Նորվեգիա, Կանադա, Ալբանիա, Չեռնոգորիա, Մոնակո, Լիխտենշտեյն և Իսլանդիա: