290 լարի 1 դոլարի փոխարեն՝ որքան են վրացի օգտատերերը փոխանցել բանկեր Coinbase-ից
Ընդամենը մեկ օրում՝ օգոստոսի 30-ին, Coinbase կրիպտո բորսայում 1 դոլարի արժեքը 2,90 լարիի փոխարեն դարձավ 290 լարի։ Ըստ այդմ՝ բիթքոյնի գինը հասել է 5 միլիոն լարիի, իսկ Ethereum-ի գինը գերազանցել է 450,000-ը, և այն օգտվողները, ովքեր պահել են կրիպտոարժույթի իրենց պահուստները այս հարթակում, նկատել են իրենց ակտիվների արժեքի զգալի աճ։
Facebook-ում կրիպտո խմբերի անդամներն ակտիվորեն գրում են, որ վրացի օգտատերերը օգտվել են այս հնարավորությունից, վաճառել են իրենց ակտիվները և փոխանցել դրանք լարիով բարձր արժեքով։ Փոխանցվող գումարի հստակ չափը հայտնի չէ, սակայն, ինչպես գրում են խմբերը, այն կարող է գերազանցել նույնիսկ մեկ միլիոն լարին։
Թեև մարդիկ կարողացել են գումար փոխանցել Coinbase հարթակից, շուտով վրացական բանկերից հաղորդագրություն են ստացել, որ գործարքը համարվում է կասկածելի, և նրանք պետք է հաշվի առնեն, որ Coinbase-ը կարող է պահանջել վերադարձնել գումարը:
Վրացական բանկերը սառեցրել են գործարքները, հաշիվները ու քարտերը, և օգտատերերն այլևս մուտք չունեն իրենց բանկային ակտիվներին: Կան այնպիսիք, ովքեր կարողացել են կանխիկացնել, թեև կանխիկացված գումարը նշված է հաշվում մինուս նշանով կամ որպես վարկ։
Խմբերում գրում են նաև, որ բանկերն արդեն գումարը հետ են փոխանցել Coinbase-ին, և հաշիվների վրա բացասական արտահայտված գումարները շուտով կմաքրվեն։
Վրաստանի բանկային ասոցիացիան նշում է, որ երբ ստանդարտ փոխանցումներից դուրս, որոշակի ուղղությամբ, միտումից դուրս գործարքներ են գրանցվում, անվտանգության և մոնիտորինգի համար անհրաժեշտ է դադարեցնել այդ գործարքները։
Coinbase-ը դեռևս հայտարարություն չի տարածել այս հարցի վերաբերյալ, իսկ որոշ օգտատերեր պատրաստվում են դիմել դատարան՝ համարելով, որ փոխանցումները կատարվել են վիրտուալ առևտրի բոլոր կանոնների պահպանմամբ։